Սթինգը դատի է տալու էլիտար տներ կառուցող ռուսական ընկերությանը

13:22 • 18.06.12

Համաշխարհային աստղ Սթինգի դեմքն ապօրինաբար օգտագործվել է որպես Մերձմոսկվայի VIP- գյուղի գովազդ, հայտնում է Life News-ը: Երգիչը, ինքն էլ չիմանալով այդ մասին, ռուսներին առաջարկում է թաուն- հաուսներ գնել «Թագավորական սոճիներ» էլիտար բնակավայրում, որը գտնվում է մայրաքաղաք Մոսկվայից 11 կմ հեռավորության վրա:

 

«Կասկած չկա, որ սոճիներն իսկապես թագավորական են, այսինքն` արժանի են լորդերի, դքսերի ու թագավորների: Հուսով եմ, որ ռուսները նույնպես սիրում են իրենց երեխաներին»,- «գովազդում է Սթինգը», մինչդեռ նա VIP-տներ վաճառող «Պրոբիզնես-դևելոփմենթ» ընկերության հետ ոչ մի պայմանագիր չի կնքել:



Գյուղում բոլոր տները կառուցվել են բրիտանական ոճով, ինչից էլ պարզ է դառնում, թե ինչու է գովազդային պաստառի վրա հայտնվել անգլիացի աստղի դեմքը:

 

«Սթինգն աստղ է, որի կերպարն իրականում կարող է մեծ եկամուտներ բերել, սակայն ռուսական ոչ մի ընկերության հետ նա չի համագործակցում: Հետևապես, ձեր երկրում ոչ ոք չի կարող նրա անունն ու դեմքն օգտագործել իր շահերի համար»,- Life News-ի հետ զրույցում ասել են արտիստի մենեջերները` հավելելով, որ անպայման կզբաղվեն այս հարցի լուծմամբ:

Իրենք` ձեռնարկատերերը, իրենց արարքներում ոչ մի ապօրինություն չեն տեսնում: Ընկերության վաճառքի գծով տնօրեն Դմիտրի Չաբանը Life News-ին ասել է, որ առաջին հեռախոսազանգից հետո, անմիջապես պաստառը հանվել է: