Շվեդիայի գազանանոցներից մեկում գայլերի ոհմակը «գզել» է մի կնոջ

14:05 • 18.06.12

Շվեդիայի Քոլմարդենի վայրի բնության արգելոց-կենդանաբանական այգում 8 գայլերի ոհմակը գզել և սպանել է 30-ամյա մի կնոջ, գրում է One News Page-ը:

 

Դեպքը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ կինը միայնակ մտել է գայլերի բնակության համար նախատեսված ցանկապատ տարածքը: Անվտանգության աշխատակիցները, վախից դրդված, հապաղել են անցնել ցանկապատից ներս և փրկել կնոջը: Նրանցից մեկն արդարացել է` ասելով, որ «հեշտ չէ պարզապես մտնել գազազած գայլերի ոհմակի մեջ»: Այնուամենայնիվ որոշ ժամանակ անց աշխատողներին հաջողվել է մտնել տարածք և, զենքով ետ քշելով գայլերին, այնտեղից դուրս բերել կնոջ այլանդակված մարմինը:

 

Դեռևս պարզ չէ, թե ինչն է պատճառ հանդիսացել կենդանիների նման պահվածքի համար: Գայլերի մասնագետ Օլոֆ Լիդբերգն այս առիթով նշել է, որ գազանանոցում բնակվող կենդանիները սովոր են մարդկանց ներկայությանը, ուստի չեն էլ վախենում նրանց վրա հարձակվելուց: