Ոստիկանները դեպքի վայր բերեցին 18-ամյա տղային, ով «Մերսեդեսով» մահացու վրաերթ էր կատարել Սեբաստիայի փողոցում (ֆոտո, վիդեո)
Քիչ առաջ Ոստիկանության Մալաթիա–Սեբաստիայի բաժին է ինքնակամ ներկայացել 18-ամյա մի տղա։ Ինչպես Tert.am–ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ տղան Երևանի Շենգավիթ վարչական շրջանի բնակիչ Հակոբ Խանյանն է, ում քիչ առաջ Ոստիկանության Մալաթիա–Սեբաստիայի բաժնի քրեական հետախուզության բաժնի աշխատակիցները բերեցին «Ագաթի շենքերի» մոտակայքից, որտեղ հայտնաբերվել էր այսօր Սեբաստիա փողոցում տեղի ունեցած վրաերթի մասնակից «Մերսեդեսը»։
Գ. Շամշյանը հայտնում է, որ այս պահին Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչներ Աշոտ Ասատուրյանն ու Տիգրան Վարդանյանը նշված վայրում քննչական և փորձարարակ աշխատանքներ են իրականացնում։
Հ. Խանյանը դեպքի վայրում քննիչներին պատմել է, թե ինչպես է տեղի ունեցել վրաերթը։ Նա, ըստ իր պատմածի, դպրոցը նոր է ավարտել։ Նրա հետ են եղել նաև մի քանի հոգի, ովքեր, հավանաբար նրա հարազատներն են։
Փաստի առթիվ քննիչ Աշոտ Ասատուրյանի կողմից հարուցվել է քրեական գործ ՀՀ Քրօրի 242 հոդվածի 2-րդ մասի (Ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) հատկանիշներով։
Ավտոմեքենան քննիչի հանձնարարականով տեղափոխվել է Ճանապարհային Ոստիկանության հատուկ պահպանման վայր։
Շամշյանը հայտնում է նաև, որ նա չի ունեցել վարորդ իրավունքի վկայական։
Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից Tert.am–ին հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 13.00-ի սահմաններում անհայտ մակնիշի և համարանիշի մեքենայի վարորդը Սեբաստիա 78 շենքի դիմաց վրաերթի էր ենթարկել հետիոտնին և թողնելով անօգնական՝ դիմել փախուստի։
Դեպքի վայրում հավաքվածները Գ. Շամշյանին պատմել էին նաև, որ վրաերթ կատարողը եղել էր «Մերսեդես» մակնիշի մեքենայով։ Մինչ վրաերթի վայրում քննչական խումբը աշխատանքներ էր կատարում, Ոստիկանության պարեկա–պահակային ծառայության 4-րդ վաշտի 46–րդ պարեկային խմբի աշխատակիցները «Ագաթի շենքերի» մոտ ջրատարի մոտակայքում հայտնաբերել էին «Մերսեդես» մակնիշի 32 ՍԼ 782 համարանիշի ավտոմեքենան, որի դիմապակին ամբողջովին վնասված էր եղել։
«Մերսեդեսի» դիմացի համարանիշները բացակայում էին ավտոմեքենայի վրայից, սակայն հետևի համարանիշները ծռված էին, չէին հասցրել հանել։
Գ. Շամշյանը հայտնել էր, որ Ոստիկանությունը պարզել է, որ մահացածը Շահումյան 4-րդ փ բնակիչ 45-ամյա Միքայել Դավթյանն է։ Շամշյանի տեղեկություններով հայտնաբերվել է նաև վարորդը, ում տվյալները այս պահին ֆոտոլրագրողը չի հայտնում։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի









