Սեբաստիա փողոցում մահացու ելքով վրաերթ կատարած «Մերսեդեսը» հայտնաբերվել է (լուսանկարներ, տեսանյութ)

13:54 • 18.06.12

Այսօր՝ հունիսի 18-ին վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ինչպես դեպքի վայրից Tert.am–ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 13.00-ի սահմաններում անհայտ մակնիշի և համարանիշի մեքենայի վարորդը Սեբաստիա 78 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել հետիոտնին և թողնելով անօգնական՝ դիմել փախուստի։ Դեպքի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին պատմել են, որ շտապօգնության ավտոմեքենան վրաերթի վայր է ժամանել 25 րոպե ուշացումով, երբ վրաերթի ենթարկվածը մահացավ։ Այս պահին դեպքի վայր են ժամանել Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի մեծ թվով քննիչներ՝ բաժնի պետ Դավիթ Սարգսյանի և պետի տեղակալ Կարեն Ստեփանյանի գլխավորությամբ։


Տեղում են նաև Ոստիկանության Մալաթիայի բաժննի օպերատիվ խումբը՝ նույն բաժնի քրեական հետախուզության բաժնի ավագ օպեր–լիազոր Կարեն Բաբերյանի գլխավորությամբ։

Դեպքի վայրում հավաքվածները Գ. Շամշյանին պատմել են նաև, որ վրաերթ կատարողը եղել է «Մերսեդես» մակնիշի մեքենայով։ Մինչ վրաերթի վայրում քննչական խումբը աշխատանքներ էր կատարում, Ոստիկանության պարեկա–պահակային ծառայության 4-րդ վաշտի 46-րդ պարեկային խմբի աշխատակիցները «Ագաթի շենքերի» մոտ ջրատարի մոտակայքում հայտնաբերում են «Մերսեդես» մակնիշի 32 ՍԼ 782 համարանիշի ավտոմեքենան, որի դիմապակին ամբողջովին վնասված էր։

«Մերսեդեսի» դիմացի համարանիշները բացակայում էին ավտոմեքենայի վրայից, սակայն հետևի համարանիշները ծռված էին, չէին հասցրել հանել։

Գ. Շամշյանը հայտնում է, որ Ոստիկանությունը պարզել է, որ մահացածը Շահումյան 4-րդ փ բնակիչ 45-ամյա Միքայել Դավթյանն է։ Շամշյանի տեղեկություններով հայտնաբերվել է նաև վարորդը, ում տվյալները այս պահին ֆոտոլրագրողը չի հայտնում։

 

Դեպքի վայրում հավաքվածները նաև Գ. Շամշյանին պատմել են, որ վրաերթի ենթարկվածը նոր էր ամուսնացել և նրա կինը հղի էր։

 

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի