Վարդան Այվազյանն ու Հրանտ Բագրատյանն այսօր պայմանավորվեցին, որ խոսելու են «Դուք»-ով
Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանին ընդառաջ, այսօր ԱԺ տնտեսական հանձնաժողովը գումարեց այս նստաշրջանի իր անդրանիկ և արտահերթ նիստը: Նկատենք, որ այն անցավ բավական ինտրիգային և լարված մթնոլորտում, բարեբախտաբար, քաղաքավարության կանոններից դուրս իրավիճակներ տեղի չունեցան:
Լարվածության հիմնական «սուբյեկտներն» էին՝ մի կողմից, ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության անդամ, ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը, մյուս կողմից՝ հանձնաժողովի հանրապետական նախագահ Վարդան Այվազյանը, ով Բագրատյանի՝ գրեթե յուրաքանչյուր հարցից ու ռեպլիկից հետո, կամ նրան հակադարձում էր, թե դա «ԱԺ կանոնակարգ-օրենքով» նախատեսված չէ, կամ խորհուրդ էր տալիս՝ ընթերցել օրենքը:
Հրանտ Բագրատյան-Վարդան Այվազյան երկխոսությունը մի պահ այսպիսի ընթացք ստացավ.
Վարդան Այվազյան.«Շշշկռցնում ես, պարոն Բագրատյան»:
Հրանտ Բագրատյան.« Հիմա «դու»-ո՞վ ենք խոսում, Վարդան»
Վարդան Այվազյան. «Լավ, Դուք»:
Հրանտ Բագրատյան. «Ի՜ ի՜ »:
Ի դեպ, երբ այսօր հանձնաժողովի փոխնախագահ էր ընտրվում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Միքայել Մելքումյանը, ով բազմաթիվ «կողմ» ձայներ ստացավ, միակ «ձեռնպահ»-ը կրկին ՀԱԿ խմբակցության անդամ Հրանտ Բագրատյանն էր:
Նիստի սկզբին, ի դեպ, վերջինս հայտարարեց, թե նիստի մասին տեղեկացվել է վերջին պահին, իսկ օրակարգում ներառված հարցերի՝ օրենքի նախագծերին, առհասարակ, հնարավորություն չի ունեցել ծանոթանալու:
Վարդան Այվազյանն էլ պատասխանեց, որ գլխադասային հանձնաժողովը պարտավոր չէ արտահերթ նիստի դեպքում նախապես տեղեկացնել անդամներին: Ինչ վերաբերվում է Հրանտ Բագրատյանի արտահայտած դժգոհությանը, թե օրենքի նախագծերին ծանոթանալու հնարավորություն չի ունեցել, ապա Վարդան Այվազյանն ի գիտություն Բագրատյանի տեղեկացրեց, որ դրանք մի քանի օր է տեղադրված են ԱԺ պաշտոնական կայքում:
ՀԱԿ անդամի պատասխանը եղավ՝«пожалуйста»-ն:
Նշենք, որ Տնտեսական հանձնաժողովի թիվ մեկ նիստի օրակարգում ներառված էին երեք նախագծեր՝ «Լիցենզավորման մասին», «Արտոնագրային վճարների մասին» և «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծերը:
Կառավարությունը դրանք ԱԺ է ուղարկել այսպիսի հիմնավորմամբ՝ թեթևացնել արտոնագրային վճար վճարող հարկատուների հարկային բեռը, վարչարարության տեսանկյունից դյուրացնել կիրառվող ընթացակարգերը և այլն:
Կոնկրետ «Արտոնագրային վճարների մասին» օրենքի փոփոխություններով՝ նախատեսվում է հանրային սննդի ոլորտում մինչև 50քմ տարածքի համար նախատեսված արտոնագրային վճարի նվազագույն չափը տարանջատել մինչև 20 քմ տարածքի և 21-50 քմ տարածքների համար արտոնագրային վճարների չափերի, ինչն, ըստ գործադիրի, հնարավորություն կտա հանրային սննդի ոլորտում գործունեություն իրականացնող գերփոքր ՝մինչև 20 քմ տարածք ունեցող, տնտեսվարող սուբյեկտներին գործող կարգի համեմատ 2,5 անգամ պակաս արտոնագրային վճար վճարել:
Նշենք, որ ԱԺ տնտեսական հանձնաժողովի նիստին այսօր մասնակցում էին նաև ՀՀ նախկին վարչապետ, ՀՀԿ խմբակցության անդամ Խոսրով Հարությունյանը, ՀՀԿ պատգամավորներ Վահրամ Բաղդասարյանը, Գարեգին Նուշիկյանը, Վահե Հակոբյանը, Ալեքսան Պետրոսյանը, և այլք:









