Սահմանամերձ գյուղերում ատամը հեռացնում են «պլասկագուբցիով». Քննարկում ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում

17:26 • 19.06.12

Այսօր ԱԺ արտահերթ նստաշրջանին ընդառաջ, Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը գումարել է այս նստաշրջանում իր անդրանիկ նիստը: Մի շարք պատգամավորներ՝«Ժառանգություն» խմբակցությունից Խաչատուր Քոքոբելյանը, հանրապետականներ Վահրամ Բաղդասարյանն ու Ալեքսան Պետրոսյանը կառավարության ներկայացուցչին քննարկվող օրենքներից մեկի նախագծի շրջանակում առաջարկել են սահմանամերձ շրջաններին շատ ավելի լայն արտոնություններ տալ, քան նախատեսվում է:
 

Իսկ Ալեքսան Պետրոսյանը նույնիսկ առաջարկել է սահմանամերձ գյուղերն ազատել բոլոր տեսակի հարկերից՝ արժանանալով նիստին ներկա ՀԱԿ խմբակցության անդամ Հրանտ Բագրատյանի զարմացած հայացքին:

 

«Էսօր եթե հաշվեն, թե ինչքան մարդ է բացակայում, ամենաշատը սահմանային շրջաններից կլինեն: Ուրեմն մենք պարտավոր ենք խորացված ձևով անդրադառնանք սահմանամերձ գյուղերին: Ու ոչ թե մենակ դրան, այլ հողի հարկին էլ, ջրինն էլ: Ամեն ինչից ազատեն, որովհետև էսօր սահմանամերձ գյուղ կա, բժիշկն ամիսը մեկ ա մտնում ըտեղ: Մարդու ատամը, որ ցավում ա, պլասկագուբցիով են քաշում»,- հայտարարեց Ալեքսան Պետրոսյանը և հավելեց.«Հետո ինձ չի թվում, թե դա բյուջեի մեջ մի հատ լուրջ թիվ է կազմում, որ ինքը կարա բերի տնտեսական հեղափոխության»:


Ի պատասխան հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը նկատեց, որ դա կոնցեպտուալ հարց է և օրենքի հետ ոչ մի կապ չունի: