Արտաշատում 86-ամյա Հոկտեմբեր Գրիգորյանը սպանելու դիտավորությամբ կրակել է 57-ամյա Մամիկոն Մանուկյանի վրա
Երեկ՝ հունիսի 18-ին սպանության փորձ է տեղի ունեցել Արարատի մարզում: Ինչպես Արարատի մարզից Tert.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 9.10-ի սահմաններում անհայտ քաղաքացին ահազանգել է Ոստիկանության Արարատի բաժին և հայտնել, որ Այգեստան գյուղում կրակոց է հնչել և կա վիրավոր անձ:
Այգեստան գյուղ են մեկնել Ոստիկանության Արարատի մարզային վարչության օպերատիվ քննչական խումբը՝ մարզային վարչության պետ, գնդապետ Արսեն Աբրահամյանի գլխավորությամբ: Տեղում է եղել նաև Արտաշատի բաժնի խումբը Արտաշատի ոստիկանապետ Լաերտ Գրիգորյանի գլխավորությամբ:
Գ. Շամշյանը հայտնում է, որ իրեն հայտնի է դարձել, որ գիշերը Ոստիկանության Արարատի մարզային վարչության և Ոստիկանության Արտաշատի բաժնի օպերատիվ խումբը բացահայտել է տեղի ունեցածը: Այդ օրը նույն գյուղի բնակիչ 86-ամյա Հոկտեմբեր Գրիգորյանը իր մոտ եղած որսորդական անօրինական հրացանով սպանելու դիտավորությամբ իր տան խորդանոցում կրակել է համագյուղացի 57-ամյա Մամիկոն Մանուկյանի վրա՝ վերջինիս պատճառելով մարմնական վնասվածք: Մ. Մանուկյանը այս պահին գտնվում է Արտաշատի հիվանդանոցում:
Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արարատի մարզի քննչական բաժնի Արտաշատի քննչական բաժանմունքի քննիչի որոշմամբ Հ. Գրիգորյանը ձերբակալվել է: Հայտնաբերվել է նաև հանցագործության գործիք հրացանը, քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:









