Ցեղասպանության ժառանգներին տրվելիք մոտ 2,2 ԱՄՆ դոլար փոխհատուցումը կբաշխվի 100 դիմումատուի միջև. փաստաբան

11:37 • 19.06.12

Վերջերս Glendale News-Press ամերիկյան պարբերականը տեղեկացրել էր, որ Հայոց Ցեղասպանության զոհերի ժառանգներին ապահովագրական ընկերության կողմից 2.1 մլն դոլարի չափով փոխհատուցում կտրվի:
 

ՀՀ արդարադատության նախարարությունը տարածել է Ամերիկայի Միացյալ Նահանգների դատարանում գործը ներկայացրած փաստաբան Վարդգես Եղիայանի պարզաբանումն այն մասին, որ ապահովագրված հայերի ժառանգներին վճարվող հատուցումները ստանալու համար ներկայացված փաստաթղթերի և դիմումների քննության ընթացքում համապատասխան հանձնաժողովը ժամանակին որոշակի անճշտություններ է թույլ տվել, ուստի գործով զբաղվող ամերիկահայ փաստաբանը դիմել է ԱՄՆ դատարան:
 

Դատարանը, գործն ուսումնասիրելուց հետո, հանձնարարել է կատարել վճարումների վերահաշվարկ: Սա վերաբերում է միայն այն դիմումներին, որոնք արդեն իսկ բավարարվել էին Հանձնաժողովի կողմից:
 

Արդյունքում, մոտ 2,176,587 ԱՄՆ դոլար կրկին կբաշխվի մոտ 100 դիմումատուի միջև, որոնց վճարված հատուցումների հաշվարկման ժամանակ նախկինում անճշտություններ են բացահայտվել:

 

Փաստաբան Վարդգես Եղիայանը տեղեկացրել է նաև, որ այս գործով չեն վերանայվելու Հանձնաժողովի կողմից մերժված դիմումները:

 

Tert.am-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ Holthouse Carlin & Van Trigt հաշվապահական ընկերությունը վավերացրել է 100 հայցերը, որոնք ներկայացնողներին և կտրամադրվի նշված գումարը: Ամենամեծ ծավալի փոխհատուցումը՝ 312 հազ դոլար, տրամադրվելու է Boyajian and Associates իրավաբանական ընկերությանը, որը ներկայացրել է 17 հայցվորների շահեր:

 

Գումարը կհատկացնի ժամանակին հայ հաճախորդների ապահովագրած AXA S.A. ապահովագրական ընկերության Ժառանգների փոխհատուցման հիմնադրամը: