«Բարգավաճ Հայաստանը» տուրք չի տալիս սիմվոլիզմի գրական ուղղությանը և վաղը հավանաբար դեմ է քվեարկելու Կառավարության ծրագրին
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունն այսօր նիստ է հրավիրել, ուր որոշվել է, որ ԱԺ ԲՀԿ խմբակցությունը, ամենայն հավանականությամբ, դեմ է քվեարկելու վաղը Ազգային Ժողովի արտահերթ նիստում քննարկման ներկայացվելիք ՀՀ Կառավարության գործունեության ծրագրին, եթե միչև վաղը «աշխարհը շուռ չգա»:
ԲՀԿ մամուլի քարտուղար Տիգրան Ուրիխանյանը Tert.am -ի հետ զրույցում հաստատեց սույն տեղեկությունը՝ ասելով. «Զարմանալու որևէ բան չկա, արդեն ինչքան ժամանակ է՝ մենք խոսում ենք մեր վերապահումների մասին, նույնիսկ չի էլ որոշվել, պարզապես, ակնհայտ իրավիճակ է»: «Ակնհայտ» ասվածն էլ, ըստ ԲՀԿ խոսնակի այն է, որ Հայաստանն ունի բազմաթիվ խնդիրներ: Այնուամենայնիվ, Ուրիխանյանը խուսափեց հստակ պատասխան տալուց՝ հավելելով, որ իրենց խմբակցությունն այդ քայլին կգնա. «եթե մինչև վաղը Կառավարության ծրագրի հետ ինչ-որ արտառոց բան տեղի չունենա»:
Տիգրան Ուրիխանյանը նշեց, թե, հատկապես, որ ոլորտներին են առնչվում կուսակցության վերապահումները կամ դժգոհությունները: Դրանք են՝ կրթության, էներգետիկայի, արտաքին քաղաքականության ոլորտները:
Քանի որ ԲՀԿ-ի համար կանխատեսելի են կառավարության ծրագրում շարադրված ռիսկերը (Տիգրան Ուրիխանյանն ասաց, որ այդ ռիսկերը, միանշանակորեն, ապագայում տեղի են ունենալու, այսինքն՝ սպասելի իրադարձություններ են- Tert.am ), հետևաբար, այս առումով ևս «Բարգավաճը» բավարարված չէ: «Նշված է, չէ՞, որ ա՛յս, ա՛յս, ա՛յս ռիսկերի դեպքում ծրագիրը կարող է և չիրականացվել: Այլ հարց է՝ լա՞վն է, թե՝ վատը»,- ամփոփեց ԲՀԿ խոսնակը:
Ի պատասխան հարցին՝ եթե խորհրդարանական ընտրություններից հետո ԲՀԿ-ն հայտարարում էր կառուցողական կամ խիստ կառուցողական լինելու մասին, ապա այս դիրքորոշումից հետո կարելի՞ է ենթադրել, որ «Բարգավաճ»-ն այլևս ընդդիմադիր դաշտում է գործում, կուսակցության մամուլի խոսնակն ասաց. «Կարելի է ասել այն, ինչ ԲՀԿ-ն անում է»:
Տիգրան Ուրիխանյանը վերհիշելով, որ գրականության մեջ կա սիմվոլիզմի գրական ուղղություն, որտեղ ձևն առաջնային է, իսկ բովանդակությունը՝ երկրորդային, հավելեց, որ ԲՀԿ-ն դրա հետևից չի ընկնելու:
«Այսինքն՝ «Բարգավաճ Հայաստանը»՝ այն, ինչ այս տարիներին արել է, անում է ու անելու է և թող դա դառնա մեր բնորոշումը հանրության համար: Ինչպիսին կանք, այդպիսին էլ թող մեզ ընկալեն: Ձևերի ու հայտարարությունների հետևից մենք չենք ընկնելու»,- եզրափակեց կուսակցության մամուլի խոսնակը:
Tert.am-ի հետ զրույցում էլ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը հայտնեց, որ չի ցանկանում Կառավարության ներկայացրած ծրագիրն ինչ-որ հատվածների բաժանել և խոսել դրա ինչ-ինչ բաժինների ու դրույթների մասին, քանի որ այն դիտում է որպես մեկ ամբողջական փաթեթ:
«Կոնկրետ մեզ համար կարևորը ոչ թե ծրագրի բովանդակությունն է (նախորդ ծրագիրն էլ բովանդակային առումով բացարձակապես վատը չէր) հակառակը, շատ ավելի մեծ էր խոստումների ծավալը, բայց խնդիրն այն է, որ այս կառավարությունը՝ այս վարչապետի գլխավորությամբ, ի զորո՞ւ է ծրագիր իրականացնե՞լ, թե՝ ոչ»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը և հավելեց,- «Անկեղծ լինելով կարող ենք արձանագրել, որ այս կառավարությունը ձախողել է 2007 -2012թթ. ծրագիրը»:
Սա է այն քաղաքական հիմնական մոտիվացիան է, որով, ըստ Նաիրա Զոհրաբյանի, ԲՀԿ-ն առաջնորդվելու է Կառավարության ծրագիրը ԱԺ-ում քննարկելիս:
«Հիմա ես լիազորված չեմ հրապարակելու Կառավարության ծրագրի հանդեպ մեր մոտեցումը, վաղը խմբակցությունն ակտիվորեն կմասնակցի քննարկումներին և կհնչի ելույթ խմբակցության անունից, որտեղ և կներկայացվի, թե ԲՀԿ-ն ինչպե՞ս է քվեարկելու: Բայց ընդհանուր կոնտեքստը, թե ինչպիսի՞ն է մեր վերաբերմունքը՝ ես արդեն ներկայացրի»,- հավելեց ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը:
Ի պատասխան հարցին, թե, արդյո՞ք, խմբակցության այսօրվա նիստին մասնակցել է Գագիկ Ծառուկյանը, Նաիրա Զոհրաբյանն ասաց. «Չեմ կարող ասել, քանի որ այդ հարցը պարոն Ծառուկյանի հետ չեմ ճշտել»:









