Համանախագահ երկրների ղեկավարները ցավում են, որ Ալիևն ու Սարգսյանը վճռական քայլեր չեն ձեռնարկել

09:04 • 19.06.12

Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահները կոչ են արել Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին` արագացնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծմանն ուղղված հիմնական սկզբունքների շուրջ համաձայնության ձեռքբերումները:
 

Մեքսիկայի Լոս Կաբոսում ընթացող «Մեծ քսանյակի» գագաթնաժողովի ընթացքում նախագահները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ և նշել, որ իրենք միասնական են` ԼՂ հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու հարցում:


«Մենք ցավում ենք, որ Ադրբեջանի և Հայաստանի նախագահները վճռական քայլեր չեն ձեռնարկել, ինչը մենք կոչ էինք արել 2011 մայիսի 26-ին Դովիլում արած համատեղ հայտարարության մեջ»,- ասված է հայտարարության մեջ:
 

Նրանք Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին կոչ են արել արագացնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն ուղղված հիմնարար սկզբունքների շուրջ համաձայնության ձեռքբերումը, ինչը տեղ էր գտել 2012 թ-ին հունվարի 23-ին Սոչիի հայտարարության մեջ:
 

Բացի այդ, Ռուսաստանը, ԱՄՆ-ը և Ֆրանսիան կոչ են արել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին` զերծ մնալ  Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում ուժի կիրառումից և աջակցել ԵԱՀԿ Մինսկի խմբին:

 

Նրանք նշել են, որ պետք է հավատարիմ մնալ 1994 թ-ին հաստատված հրադադարի համաձայնագրին և զերծ մնալ ռազմական հռետորիկայից:

 

«Մենք ղեկավարներին կոչ ենք անում  առաջնորդվել Հելսինկյան եզրափակիչ ակտի սկզբունքներով, մասնավորապես` ուժի կիրառման բացառման, տարածքային ամբողջականության, ազգերի ինքնորոշման իրավունքներով, ինչպես նաև կարգավորման այն տարրերով, որոնք նշված են 2009 թ.-ին Ակվիլայի և 2010 թ-ի Մուսկոկայի հայտարարություններում:

 

Ռազմական ուժի կիրառումը չի հանգեցնի հակամարտության լուծմանը, այլ միայն կերկարացնի տարածաշրջանի ժողովուրդների տառապանքը: Միայն խաղաղ բանակցային ճանապարհով է հնարավոր գտնել ելքը` այս բարդ իրավիճակից և նպաստել տարածաշրջանի բարգավաճմանը»,- ասված է համատեղ հայտարարության մեջ: