Վերացվել է «Հարսնաքար» ռեստորանում տեղի ունեցած դեպքի առնչությամբ հարուցված քրգործը ՊՆ քննչական ծառայություն ուղարկելու որոշումը
ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարությամբ վերացվել է «Հարսնաքար» ռեստորանում զինվորական հոսպիտալի բժիշկներին ծանր մարմնական վնասվածք պատճառելու դեպքի փաստով հարուցված քրեական գործը ՀՀ պաշտպանության նախարարության քննչական ծառայություն ուղարկելու մասին որոշումը:
Այս մասին հայտնեց ՀՀ գլխավոր դատախազության մամուլի խոսնակ Սոնա Տռուզյանը՝ ի պատասխան այն հարցին, թե ինչո՞ւ ՊՆ քննչական ծառայությունը դեռ չի ստացել գործի նախաքննությունը: Այսինքն՝ գործը հետ է վերադարձվել ոստիկանություն՝ նախաքննությունը շարունակելու նպատակով:
«Վերադասության կարգով ուսումնասիրվել են քրեական գործի նյութերը և պարզ է դարձել, որ չկան հիմքեր ՊՆ քննչական ծառայություն ուղարկելու համար: Քրեական դատավարության օրենսգրքով քննչական ենթակայության հարցը հստակորեն կանոնակարգված է 190 –րդ հոդվածով: Ըստ այդմ՝ Պաշտպանության նախարարության քննչական ծառայությունը կարող է քննություն կատարել զինվորական ծառայության կարգի դեմ ուղղված, ինչպես նաև, զորամասի տարածքում կատարված կամ ժամկետային զինծառայողներին վերագրված հանցագործությունների վերաբերյալ գործերով»,- մեկնաբանեց Սոնա Տռուզյանը:
Այսինքն՝ ՊՆ քննչական ծառայությունում կարող են իրականացվել միայն այն գործերով նախաքննություններ, որոնցում կողմը պետք է ունենա ամբաստանյալի կամ մեղադրյալի կարգավիճակ, այլ ոչ տուժողի: Մինչդեռ, օրինակ, Հատուկ քննչական ծառայությունում քննվում են նաև իրավապահ մարմիններում աշխատող տուժողների գործերը:
Հիշեցնենք, որ հունիսի Հունիսի 18-ի գիշերը՝ ժամը երկուսի սահմաններում, «Հարսնաքար» ռեստորանում, ըստ հարուցված քրեական գործի՝ ռեստորանի անվտանգության աշխատակիցների կողմից ծեծի էին ենթարկվել զինվորական հոսպիտալի երկու բժիշկները, իսկ երրորդի մասին հայտնի է դարձել միայն այսօր:









