Մոսկվայում ավարտվել են Իրանի ու «վեցյակի» բանակցությունները

18:07 • 19.06.12

Մոսկվայում ավարտվեցին Իրանի ու «վեցյակի» միջև բանակցությունները: Ինչպես հայտնում են ռուսական լրատվամիջոցները, ՌԴ արտգործնախարարությունում կայացած երկօրյա բանակցություններին մասնակցել են Եվրոմիության արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնը, Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Սաիդ Ջալիլին, «վեցյակի» երկրների` Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի ու Չինաստանի ներկայացուցիչները:

 

Երկօրյա հանդիպմանը քննարկվել է Իրանի միջուկային խնդիրը: Իրանին առաջարկվել է նվազագույնը 4 անգամ նվազեցնել ուրանի հարստացումը: Հակառակ դեպքում` Միացյալ Նահանգները հայտարարել է, որ կհրաժարվի բանակցություններից, իսկ նոր պատժամիջոցներն իսլամական պետության համար անխուսափելի կլինեն:

 

Ներկայում շարունակվում են Էշթոնի ու Ջալիլիի երկկողմ խորհրդակցությունները: Այնուհետ նախատեսված է բանակցությունների արդյունքներին նվիրված մամուլի ասուլիս:


Սա արդեն Իրանի ու «վեցյակի» միջև երրորդ հանդիպումն է: Մինչ այս, հանդիպումներ են անցկացվել Ստամբուլում (Թուրքիա) ու Բաղդադում (Իրաք):