Միասնական արժույթը` «գլխացավանք». Լուկաշենկոն չի հրաժարվում բելառուսական ռուբլուց. НГ

16:06 • 19.06.12

Մոսկվայի ու Մինսկի ինտեգրման անամպ հարաբերությունների միջով միասնական արժույթ անվամբ «սև կատու» է անցել:

«Հարևան երկրի` միասնական արժույթի անցնելու առաջարկը ստիպել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին կրկին դիմել Ռուսաստանի հասցեին կտրուկ քննադատությունների»,- գրում է «Նեզավիսիմայա գազետա»-ն` հավելելով, որ Մինսկում բոլորը վստահ են` Լուկաշենկոն երբեք չի հրաժարվի բելառուսական ռուբլուց:

 

Նոր ինտեգրման տարածքում միասնական արժույթ ներդնելու մասին Մոսկվայի առաջարկը նախորդ շաբաթ հնչեց 2 անգամ: Սկզբում այն հնչեցրեց Բելառուսում ՌԴ դեսպան Ալեքսանդր Սուրիկովը:

«Պետք է վերադառնալ միասնական արժույթ ներդնելու հարցին: Երկրորդ ճգնաժամին Բելառուսը չի դիմանա»,- ասել էր դիվանագետն «Ինտերֆաքս-Արևմուտք» գործակալությանը: Որոշ ժամանակ անց նման թեզ հնչեցրեց ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը, ինչին անհապաղ հաջորդեց Մինսկի պատասխանը:


«Ողբերգություն չէ այն, որ մենք չունենք ռուսական ռուբլի»,- ասել էր Լուկաշենկոն` Մինսկում Բաշկիրիայի նախագահ Ռուստեմ Խամիտովի հետ հանդիպմանը` հերթական անգամ ներկայացնելով ինտեգրման մասին իր պատկերացումները. «Դա կլինի միայն այն դեպքում, եթե մենք չկանգնենք մեկս մյուսի կոկորդին ու չպահանջենք հարցեր, որոնք դեռ օրակարգում չեն»:

 

Չնայած բելառուսական ռուբլու ակնհայտ թուլացմանը` Բելառուսում գրեթե չկա որևէ քաղաքական ուժ, որը պատրաստ է հրաժարվել դրանից: Լուկաշենկոյի հակառակորդները նույնպես գտնում են, որ ազգային արժույթից հրաժարվելը հավասարազոր է ինքնիշխանությունը կորցնելուն:

 

Ինչ վերաբերում է երկրի տնտեսական խնդիրներին, ապա դրանք ոչ թե ազգային արժույթի թուլության հետևանք են, այլ տնտեսական քաղաքականության:

«Խնդիրն արժույթի մեջ չէ, այլ տնտեսության ցածր արդյունավետության»,- ասել է Բելառուսի ազգային բանկի նախկին կառավարիչ Ստանիսլավ Բոգդանկևիչը: