Երևանում մարմնավաճառությունը ծաղկում է, քանի որ դրանում ազդեցիկ ուժեր են ներգրավված. Ռուբեն Բաբայան
Երևանի Հովհ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանի համոզմամբ՝ Հայաստանում հանրային վայրերում, օրը ցերեկով մարմնավաճառությունը՝ թե՛ իգական, թե՛ արական սեռի մոտ, չի սահմանափակվում երկու կողմերի «ազդեցություններով»: «Այստեղ ավելի ազդեցիկ ուժեր են ներգրավված: Եթե ֆինանսական հոսքը կարողանան կտրել, մարմանվաճառությունը կավարտվի»,- այսօր հրավիրված ասուլիսում նշեց թատրոնի գեղարվեստական ղեկավարը:
Վերջինս համոզված է, որ մարմնավաճառներին տրվող գումարի մի մասը հենց այդ ազդեցիկ ուժերին է հասնում:
Ռուբեն Բաբայանը կարծում է, որ այստեղ կապ կա նաև ոստիկանության հետ, ովքեր ժամանակ առ ժամանակ ներկայացնում են, թե իբր, կանխարգելիչ գործողություններ են կատարում. «Ով իրավասություն ունի կանխելու այս երևույթը, բայց չի կանխում, ուրեմն, դա նրան ձեռնտու է»,-նշեց նա:
Երբ լրագրողները տեղեկացրին, թե մարմնավաճառությունը ՀՀ օրենքով չի արգելվում, մտավորականը նկատեց, ուրեմն, պետք է այդ դաշտը կանոնակարգել: «Եթե ձեր սեփականությունն է, ուրեմն, բարի եղեք այն օրինական դաշտ բերել, դրա համար հարկեր վճարել: Մեզ հետաքրքրում է մեր հասարակության առողջության հարցը. եկեք սրանով զբաղվենք»,-ասաց նա և ավելացրեց, թե ըստ հետազորտությունների՝ միայն սիրո պարագայում սեքսով զբաղվելն է առողջության համար օգտակար, իսկ «եթե տակը սեր չկա՝ վտանգավոր է»:
Ռուբեն Բաբայանը բերեց Նյու Յորքի օրինակը՝ նշելով, եթե ընդամենը մի քանի տարի առաջ այն այլասերված քաղաք էր համարվում, այսօր արդեն այդ հարցը լուծվել է: «Սկզբունքն այն է, որ պետք է պայքարել մանր-մունր հանցագործությունների դեմ, որպեսզի մեծի դեմն առնես: Այստեղ գործում է կոտրած ապակիների թեորեման, որն ասում է՝ կոտրված ապակի տեսար անմիջապես նորը գցիր, հակառակ դեպքում, կողքինն էլ կջարդեն, իսկ հետո արդեն կմտնեն տունդ»:
Ասուլիսին մասնակից ճարտարապետ Լևոն Իգիթյանը նկատեց, թե այսօր Երևանը ներկայացվում է, իբր, ազատ քաղաք, մինչդեռ նրա պնդմամբ՝ Երևանը շատ ազատ էր հենց իրենց ժամանակ՝ 60-ականներին: «Եթե մարդը ներքուստ ազատ չէ, չես կարող նրան ազատություն տալ: Մարդկության պատմության ամենազզվելի դարը եկանք: Մենք փոքրաքանակ ժողովուրդ ենք, եթե մի մասը Եհովա դառնա, մի մասը գալուբոյ, բա ի՞նչ է լինելու այս ժողովրդի հալը»,-հարցնում է մտավորականն ու որպես հակազդող միջոց ընդգծում հասարակական պայքարի կարևորությունը:
Ըստ նրա, ոչ թե փայտերով պետք է պայքարել Կոմայգու միասեռականների դեմ, այլ ընդամենը պահանջել, որ այգին շատ լավ լուսավորվի:
Ռուբեն Բաբայանի գնահատմամբ, պայքարի միջոցները շատ են. «Դա հանգիստ կարելի է անել օրենքով, շա՜տ հանգիստ»:
Իսկ երբ լրագրողները նրան հիշեցրին տարիներ առաջ Կոմայգու միասեռականների դեմ իշխանավորներից մեկի ծավալած պայքարը (խոսքը վերաբերվում է Գագիկ Բեգլարյանին, ով իր քաղաքապետ եղած ժամանակ նրանց ստիպել էր լքել այգու տարածքը), ինչն այդպես էլ չաշխատեց՝ մտավորականը բացատրեց. «Չաշխատեց, որովհետև որոշեցին վայրը փոխել, ոչ թե՝ ընդհանրապես արգելել»:









