Ռուսաստանը, Չինաստանն ու Իրանը Սիրիայում համատեղ զորավարժություններ կանցկացնեն. «Ալ Արաբիա»
Մոտ ժամանակներս ռուսական, չինական, սիրիական ու իրանական զորքի մասնակցությամբ Սիրիայի տարածքում կանցկացվեն զորավարժություններ: Այս մասին այսօր հայտնել է «Ալ Արաբիա» հեռուստաալիքը` վկայակոչելով իրանական «Ֆարս» լրատվական գործակալությանը:
Հաղորդագրության համաձայն` դրանք կլինեն Մերձավոր Արևելքի ամենախոշոր զորավարժությունները, որոնց կմասնակցեն մոտ 90 հազ ռազմաօդային, ռազմածովային ու ցամաքային ուժերի ներկայացուցիչներ:
Հեռուստաալիքի համաձայն` Եգիպտոսը Չինաստանի նավատորմի 12 նավերի համար արդեն տվել է Սուեզի ջրանցքով անցնելու թույլտվություն, որոնք 2 շաբաթվա ընթացքում կհասնեն Սիրիայի ափեր: Հաղորդվում է, որ զորավարժություններին կմասնակցի մոտ 400 ինքնաթիռ ու 1.000 տանկ, նաև ռուսական սուզանավեր, ականակիր ու ավիակիր նավեր:
Սիրիան, իր հերթին, ծրագրում է փորձարկել «երկիր- ջուր» դասի հրթիռներ ու Հակաօդային պաշտպանության համակարգեր:









