«Հարսնաքարի» դեպքի կապակցությամբ ոչինչ չի կարող և չի կաշկանդելու ոստիկանությանը. Ոստիկանության հայտարարությունը

22:44 • 19.06.12

ՀՀ Ոստիկանությունը հայտարարություն է տարածել վերջին օրերին մեծ աղմուկ հանած «Հարսնաքար» ռեստորանային համալիրում տեղի ունեցած ցավալի միջադեպի կապակցությամբ՝ հավաստիացնելով, որ ամեն ինչ արվելու է գործն անաչառ կերպով բացահայտելու և մեղավորներին պատժելու համար։ Ներկայացնում ենք հայտարարությունը ստորև.


«Հարսնաքար» ռեստորանային համալիրի տարածքում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ հարուցված քրեական գործի նախաքննությունը հունվարի 19-ից շարունակվում է ոստիկանության քննչական գլխավոր վարչությունում: Դեպքին մասնակից անձանց ամբողջ շրջանակը ճշտվում է, հանգամանքները` որոշակիացվում են, կատարվել ու կատարվում են անհրաժեշտ բոլոր գործողությունները, այդ թվում և` ձերբակալություններ:


Իրավամբ հասարակական հնչողություն ստացած այս դեպքի կապակցությամբ ոստիկանությունը հայտարարում է, որ կարվի ամեն ինչ` քննությունն ամբողջական ու անաչառ անցկացնելու համար:


Բայց զարմանալի է, որ անհիմն կասկածամտություն արտահայտվեց այս միջադեպի բացահայտնան վերաբերյալ: Ոստիկանությունը հատկապես վերջին շրջանում օպերատիվ և իրավաչափ գործողությունների բազմաթիվ օրինակներ է տվել, ինչը շատ հստակ բանաձևել է ոստիկանության պետը` ոստիկանությունը գնում է ոչ թե անձերի, այլ երևույթների հետևից, և տվյալ դեպքում ոչինչ չի կարող և չի կաշկանդելու ոստիկանությանը:


Կատարվածով մտահոգ մեր համաքաղաքացիներին հավաստիացնում ենք. եթե կա երևույթը, այն հեղինակած անձը կամ անձինք պատժվելու են օրենքի ողջ խստությամբ:


Այս պարագայում անտեղի են նաև օրենքը շրջանցելու վերաբերյալ կասկածները: Ոստիկանության կողմից օրենքը կիրառվում է ուղիղ, ողջ ծավալով, բոլորի համար և` թափանցիկ:


Ոստիկանության համար սկզբունք է օրենքի առջև բոլորի հավասարությունը, բացառվում է օրենքի անունից օրինականության ոտնահարման հնարավորությունը, ամենաթողությունը, զոռբաների ու զոռբայության գոյությունը:

Նախաքննության ընթացքի և արդյունքների մասին պարբերաբար կտեղեկացվի հասարակությանը: