Ռումինիայի վարչապետը կասկածվում է գրագողության մեջ
Ռումինիայի վարչապետ Վիկտոր Պոնտան կասկածվում է գրագողության մեջ, հայտնում է Reuters-ը` վկայակոչելով Nature ամսագրին:
Ամսագրի կայքում տեղադրված հոդվածում նշվում է, որ Պոնտայի կողմից 2003թ.-ին Բուխարեստի համալսարանում պաշտպանված դոկտորական ատենախոսության կեսից ավելին վերցված է այլ աղբյուրներից` առանց դրանց անունների հիշատակման: Պոնտայի դոկտորական ատենախոսությունը նվիրված է եղել Միջազգային քրեական դատարանի աշխատանքին:
Վարչապետն արդեն հերքել է իր հասցեին հնչած մեղադրանքները` հայտարարելով, որ պատրաստ է «անցնել ցանկացած ստուգում»:
2011-ի մարտին գրագողության մեղադրանքի արդյունքում պաշտոնաթող էր եղել Գերմանիայի պաշտպանության նախարար Թեոդոր ցու Գութենբերգը, իսկ այս տարվա ապրիլին` Հունգարիայի նախագահ Փալ Շմիթը: Նրանք զրկվել են նաև իրենց գիտական աստիճաններից:









