Պաշտոնական Բաքուն հայտարարում է, թե ոչ մի հայ ռազմագերի չունեն, իսկ հայկական կողմը պնդում է՝ նրանք 90-նն են

12:03 • 19.06.12

Այսօրվա դրությամբ՝ Հայաստանում չկա ադրբեջանական ոչ մի ռազմագերի, Ադրբեջանը ևս պաշտոնապես հայտարարում է, թե իր երկրում նույնպես չկան հայ ռազմագերիներ. «Բայց չնայած այն հանգամանքին, որ ադրբեջանցիները հերքում են իրենց տարածքում հայ գերիների ու պատանդների առկայությունը, մենք բազմիցս հայտարարել ենք և հիմա էլ՝ առիթից օգտվելով ասում եմ, որ կան հավաստի տեղեկություններ, որ տարբեր ժամանակներից մեծ թվով հայ գերիներ ու պատանդներ են պահվում Ադրբեջանում՝ գերության մեջ՝ իրենց կամքին հակառակ»,- այս մասին Tert.am-ին հայտնեց Գերիների և անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովին առընթեր աշխատանքային խմբի ղեկավար Արմեն Կապրիելյանը:

 

Հայ գերիների ու պատանդների թիվն, ըստ Արմեն Կապրիելյանի՝ հասնում է շուրջ 90-ի, և խոսքն ինչպես խաղաղ բնակիչների, այնպես էլ զինծառայողների մասին է:

 

Վերջինս նաև տեղեկացրեց, որ այս տարվա հունվարի 23-ին Հայաստանի պետական սահմանը հատած Մամադբաքր Ախունզադեն կամավոր սկզբունքով հանձնվել է երրորդ երկրին, ինչպես նաև՝ 2009 թվականից Ադրբեջանում մինչև վերջերս գտնվող հայաստանցի 6 հայ զինծառայողներն ու մեկ քաղաքացիական ընտանիքը նույնպես երրորդ երկրում են:

 

«Հայաստանցիներից 3-ը՝ երրորդ երկիր են տեղափոխվել 2012-ին, մյուս 3-ը՝ 2011թվականին: Ինչ վերաբերվում է ադրբեջանցիներին, ապա նախորդ տարի երրորդ երկիր է տեղափոխվել ազգությամբ թալիշ պայմանագրային սերժանտ Ռոման Հուսեինովը»,- ասաց Արմեն Կապրիելյանն ընդգծելով, որ այս ամենի մասին հավաստիացնող նամակներ են ստացվել Կարմիր Խաչի միջազգային կոմիտեից:

 

Հիշեցնենք, որ ՀՀ պաշտպանության նախարարությունում հունիսի 15-ին տեղի է ունեցել գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի հերթական նիստը, որը վարել է հանձնաժողովի նախագահ, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

 

Նիստի ընթացքում արձանագրվել է, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը մշտապես ակտիվ ու նախաձեռնող է անհայտ կորածների և գերիների ընտանիքներին ցուցաբերվող օգնության հարցում: