«Հարսնաքարում» տեղի ունեցած միջադեպը ծնվել է անպատժելիությունից. Ռուբեն Բաբայան
«Հարսնաքարում» տեղի ունեցած միջադեպը ծնվել է անպատժելիությունից: Այս համոզման է Երևանի Հովհ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը: Այսօր հրավիրված ասուլիսին անդրադառնալով միջադեպին` մտավորականը նկատում է, որ այս դեպքը կանխատեսելի էր, քանի որ նույն ռեստորանում նման ծեծկռտուքների դեպքեր շատ են եղել: «Այդքան մարդ է ծեծվել, ուշադրություն չի դարձվել: Մինչև մանր հանցագործության դեմ չպայքարես, մեծը չես վերացնի»,- նշում է նա:
Ըստ նրա՝ այսօր թիկնապահները քրեական սկզբունքներով են աշխատում: «Թիկնապահը նա է, ով պահում է մարմինը: Մեր մոտ թիկնապահները գողական ավտարիտետների պահապաններն են: Թասիբին կպնող լինի, միանգամից, վրա կտան, ոնց թե, դու գաս մեզ մոտ և քեզ նման բան թույլ տաս: Ահավոր դատապարտելի է »,- նշեց Ռ. Բաբայանը:
Վերջինս շատ ավելի ահավոր է համարում արդարացումները: «Ես այսօր կարդացի ռեստորանի տիրոջ արդարացումները, շատ ավելի ահավոր է: Այսօր առկա է այս ամենն արդարացնելու միտումը: Սենց են եկել, սպորտային համազգեստով են եկել, գինովցած են եղել: Եղբայր ջան , դուրս հանի, ոստիկանություն կանչի, քո գործը սպանե՞լ ն է»,- հարցնում է նա և ավելացնում, որ իրենք այլ ձևով չեն կարող գործել: «Որովհետև մտածողությունը քրեականացաված է, իմ թասիբին կպար ես քեզ պետք է ոչնչացնեմ: Սա կրիմինալ աշխարհ է»,- բարձրաձայնում է թատրոնի գեղարվեստական ղեկավարը:
Բանախոսի գնահատմամբ՝ այսօր հասարակության մեջ «օրենքով գողերն» են հեղինակություն համարվում : «Եվ հաճախ էլ այդպես է ասվում, այ «օրենքով գողը» կարգին մարդ է: Ինչպես թե, օրենքով գողը պետք է նստի բանտում»,- հայտնի ասույթն է մեջբերում է նա: «գողը պետք է բանտում նստի» և ավելացնում, որ դա է նրա իսկական տեղը և ոչ թե լինի թելադրող, թե ինչպես պետք է ապրի հասարակությունը:
«Մեզ մոտ «օրենքով գողերը», կամ նրանք, ովքեր փորձում են նրանց նմանվել, թելադրում են թե ինչպես պետք է ապրի հասարակությունը: Ինձ դուր չի գալիս, քո սանրվածքը, ինձ դուր չի գալիս քո կոստյումը, ինձ դուր չի գալիս ականջդ, կամ այս աղջիկը պորտը բաց է ման գալիս, պետք է սպանի: Սա օրենքով գողերի օրենքներն են, որոնցով ապրում է մեր հասարակությունը»,-նշեց նա:
Ի տարբերություն ասուլիսին ներկա ճարտարապետ Լևոն Իգիթյանի, ով պատճառաբանեց, թե ինքը տեղյակ չէ այդ դեպքից և ավելացրեց, որ դա իր և Ռուբեն Բաբայանի գործը չէ, կան համապատասխան մարմիններ, որոնք պետք է վերահսկեն, որպեսզի օրենքը գործի, Ռուբեն Բաբայանի համոզմամբ՝ գոնե գնահատական տալը կարևոր է, քանի որ այլ բան անել չեն կարող. «Մենք ի՞նչ կարող ենք անել, ունենք միայն լեզու և խոսք, կարող ենք միայն խոսել»:
Հիշեցնենք, որ երկու օր առաջ «Հարսնաքար» ռեստորանի սեփականատեր, ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի թիկնազորը դաժան ծեծի էր ենթարկել ՊՆ հոսպիտալի բժիշկ, մայոր Վահե Ավետյանին, ում առողջական վիճակը ծայրահեղ ծանր է:









