Հայաստանում կա ոռոգման ենթակա 155 հազար հեկտար հողատարածք. Ադիբեկ Ղազարյան

13:06 • 19.06.12

Հայաստանում այսօր կա ոռոգման ենթակա 155 հազար հեկտար հողատարածք, որի մեծ մասի ոռոգման խնդիրը դրված է ջրային տնտեսության կոմիտեի վրա: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ տարածքային կառավարման ջրային տնտեսության պետական կոմիտեի ԾԻԳ տնօրեն Ադիբեկ Ղազարյանը:



«Պետք է նշենք, որ այս տարին սակավաջուր է, իսկ ոռոգման ենթակա ամբողջ հողերը ոռոգելու համար անհրաժեշտ է օգտագործել 1 միլիարդ 130 մլն խմ ջուր: Մենք հիմա ունենք ջրի դիֆիցիտ, և այդ իսկ պատճառով էլ, եթե որոշումը կայացվի՝ Սևանից 150 մլն լիտր ջուր պետք է վերցվի»,-նշեց Ադիբեկ Ղազարյանը:

 


Արդեն երեք տարի է, որ Հայաստանում ոռոգման ջրի գինը չի փոխվում, և այս տարի էլ գյուղացին 1 խմ ջուրը ձեռք կբերի 11 դրամով, սակայն պետության վրա 1խմ ջուրը նստում է 18 դրամ, հետևաբար, գումարի մնացած մասը ՀՀ կառավարությունն է սուբսիդավորում`գյուղացու բեռը թեթևացնելու համար:

 


Ադիբեկ Ղազարյանը նշեց, որ վերջին հինգ տարիների ընթացքում կատարվել են մի շարք բարեփոխումներ.«Կառավարությունն իր առջև դրված խնդիրները իրականացրել է, և շարունակում է իրականացնել»,-նշեց Ադիբեկ Ղազարյանը:

 


Tert.am-ի հարցին, թե ընդհանուր առմամբ՝ Սևանա լճից որքա՞ն ջուր կհատկացվի ոռոգման նպատակով, և, արդյո՞ք, դա չի վնասի Սևանա լճի էկոհամակարգին, Ադիբեկ Ղազարյանը նախ ասաց, որ Սևանա լճից այս տարի, ընդհանուր առմամբ, ավելի քան 300 մլն լիտր ջուր է վերցվելու: Մինչդեռ հայտնի է, որ օրենքով սահմանված է լճից վերցնել 168 մլն ջուր: Այդ պատճառով, Ղազարյանի փոխանցմամբ, ՀՀ կառավարությունը դիմելու է Ազգային ժողովին ևս 150 մլն խմ ջուր բաց թողնելու նպատակով:

 


Ադիբեկ Ղազարյանը կարծում է, որ նման քանակի ջրի բացթողումը չի ազդի Սևանա լճի մակարդակի վրա. «Ես գտնում եմ, որ Սևանա լճի մակարդակը կմնա նույնը` ոչ կավելանա, ոչ էլ կպակասի»,-եզրափակեց ԾԻԳ-ի տնօրենը: