Հարկավոր է ոչ թե հայտարարություն անել, այլ գործել՝ սա կլինի ՀՀ-ի աջակցությունը սիրիահայ համայնքին. Հակոբ Չաքրյան

20:01 • 19.06.12

Սիրիայում կա մեծաթիվ հայ համայնք, որն այսօր՝ այդ երկրում ստեղծված պայթյունավտանգ իրավիճակով պայմանավորված, գտնվում է խուճապի մեջ: Ի՞նչ դիրքորոշում պետք է որդեգրի պաշտոնական Երևանը՝ ի աջակցություն սիրիահայ համայնքի: Tert.am-ի հարցին ի պատասխան, թուրքագետ Հակոբ Չաքրյանն ասաց՝ թերևս հարկավոր է ոչ թե հայտարարություն անել, այլ գործել:


«Առանց որևէ հայտարարության գործելը շատ ավելի ճիշտ կլինի: Չեմ կարծում, որ մեր հայրենակիցների՝ Հայաստան տեղափոխելու անհրաժեշտության դեպքում Բաշար Ասադի վարչակազմը կմերժի մեզ այդ հարցում»,- նշեց Հակոբ Չաքրյանը:


Վերջինս ընդգծեց նաև հետևյալ հանգամանքը, թե մեզանում կա տեղեկատվության պակաս. «Նորմալ ինֆորմացիա էլ չունենք, կարծում եմ դեսպանատունն այս հարցում ավելի ակտիվ պետք է լինի»:


Թուրքագետ Հակոբ Չաքրյանի կարծիքով անհրաժետություն չկա նաև, որ Հայաստանը պաշտոնական մակարդակով արձագանքի առհասարակ Սիրիայում ստեղծված իրավիճակին, ըստ նրա, ցանկացած հայտարարություն ավելորդ գլխացավանք կարող է դառնալ:

 

«Սիրիայում տեղի ունեցող դեպքերի մասին, իրականում մենք ճիշտ պատկերացում չունենք: Տիրող վիճակին ծանոթանում ենք BBC-ից, միջազգային այլ լրատվամիջոցներից, նրանք էլ հաճախ դիմում են կեղծիքի: Ընդառաջ գնալ և հայտարարություններ անել մի խնդրի մասին, որը մեծ քաղաքականությանն առնչվող հարց է, կարծում եմ՝ Հայաստանին պետք չէ: Մեծ տերությունները՝ Ռուսաստանը, ԱՄՆ-ը, Չինաստանը, նաև՝ ՄԱԿ-ը զբաղվում են այդ խնդրով»,-նշեց վերլուծաբանը:


Վերջինս նկատում է, որ Հայաստանի ձայնը՝ արձագանքելու պարագայում պետք է լինի լսելի, հակառակ դեպքում.«Եթե լսելի չի լինելու, ավելի լավ է չարձագանքի: Ես գտնում եմ, որ այսօր ճիշտ քաղաքականություն է Հայաստանի կողմից իրականացվում»,- ասաց թուրքագետ Հակոբ Չաքրյանը: