Հրաժարվեք ձմռանն օգտագործվող սննդից և շատ հեղուկ օգտագործեք. խորհուրդ է տալիս ինֆեկցիոնիստը

13:37 • 19.06.12

«Ձմռանն օգտագործվող յուղոտ, դժվարամարսելի սննդից ամռանը պետք է հրաժարվել և, փոխարենը, շատ ավելի հեղուկ օգտագործել»,- խորհուրդ է տալիս Նորքի Հանրապետական ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի տնօրեն, ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր ինֆեկցիոնիստ Արա Ասոյանը՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ:

 


Բանախոսը նաև հավելեց, թե.«Ամռան ուտեստները պետք է տարբերվեն ձմռան ուտելիքից. միս ավելի քիչ օգտագործել, ավելի շատ բանջարեղեն, միրգ, մածուն, կարելի է նաև մի փոքր հում կաթ, որոնք քիչ ճարպեր են պարունակում»:
Մասնագետը նաև իրազեկեց, որ ամռանն օրգանիզմին անհրաժեշտ հեղուկի չափը մեծահասակների համար պետք է լինի՝ օրական 1-ից 1,5 լիտր: Ասոյանը շեշտեց, որ նախընտրելի է նաև մրգահյութերի օգտագործումը:

 


Գլխավոր ինֆեկցիոնիստը նկատում է, որ թունավորման դեպքերը հիմնականում լինում են այն սննդամթերքներից, որոնք ճիշտ չեն պահպանվում. «Այսինքն՝ օրինակ, պետք է իմանալ, թե հավը քանի օր պետք է պահել: Ձուկն ավելի քիչ է պահվում: Պահպանման կանոներին անհրաժեշտ է հետևել»,-հորդորում է մասնագետը՝ հիշեցնելով, որ շոգ օրերին սնունը շուտ է փչանում:

 

Նա ավելորդ չի համարում ևս մեկ անգամ հիշեցնել, որ պետք է հրաժարվել ամռան շոգին փողոցում վաճառվող սննդատեսակների օգտագործումից, որոնք ամբողջ օրը գտնվում են արևի ճառագայթների տակ: Իհարկե, այս հարցում նա որոշակի առաջընթաց նկատել է, սակայն դեռևս ըստ նրա,անելիքներ կա:

 

Մասնագետը զարմանում է, թե ինչպե՞ս են մարդիկ շարունակում առևտուր անել սննդի այն օբյեկտներից, ուր սնունդը ճանճերով է պատված: «Բացի սուպերմարկետներից մյուս բոլոր վաճառակետերում վաճառողը մատը թքով է թրջում, որ բացի տոպրակը, փոխարենը՝ կողքը լինի թրջած սպունգ, որով էլ մատը թրջի, և ոչ թե՝ թքի: Չեմ հասականում՝ դժվար է՞»,- զարմանում է Ասոյանը:



Բանախոսի դիտարկմամբ՝ Հայաստանն այն բացառիկ երկրներից է, ուր ջերմաստիճանի մինչև 65 աստիճան տատանում է լինում, այսինքն՝ ձմռանը ցուրտ է, ամռանը շոգ:


Թունավորման ախտանիշներն ըստ բժշկի՝ լուծն է և փսխումը: Նա խորհուրդ է տալիս տնական մեթոդներից հրաժարվել և դիմել բժշկի:



Մասանգետը նշեց, որ սննդային թունավորման դեպքեր, այս պահի դրությամբ, չկան.«Դա նշանակում է, որ վերահսկողություն կա և վատ չի կատարվում»: