Թալիբանն արգելել է պակիստանցի երեխաներին պոլիոմելիտի դեմ պատվաստել
Թալիբանի առաջնորդներից մեկը` Հաֆիզ Գուլ Բահանդուրն արգելել է պոլիոմելիտի դեմ պատվաստանյութ տրամադրել 162 հազար պակիստանցի փոքրիկներին` ի նշան բողոքի ԱՄՆ-ի անօդաչուների հարվածների, գրում է The Washinghton Post-ը:
Նա նշել է, որ մտադիր է թույլ չտալ պատվաստանյութի կիրառումն այնքան ժամանակ, քանի դեռ ԱՄՆ-ը շարունակում է անօդաչու սարքերով հարվածներ հասցնել մասնավորապես երկրի հյուսիս-արևելյան հատվածում` Աֆղանստանի սահմանի մոտ:
«Մեզ հարկավոր չեն «մեր բարեկամի» միլիարդավոր դոլարների արժողությամբ պատվաստանյութերը, որոնք հարյուր հազարավոր երեխաներից 1-ին կամ 2-ին կարող են օգնել: Ավելի լավ կլիներ, եթե Ամերիկան դադարեցներ Պակիստանի կառավարության օգնությամբ իրականցվող օնօդաչուների հարվածները, որոնք հարյուրավոր անմեղ մարդկանց, այդ թվում նաև կանաց ու երեխաների մահվան պատճառ են դարձել»,- նշել է Բահանդուրը:
Առողջապահության միջազգային կազմակերպությունն այս առիթով իր անհանգստությունն է հայտնել, քանի որ Պակիստանը մեկն է այն 3 երկրներից, որտեղ պոլիոմելիտի համաճարակ կա և անկախ գործադրվող ջանքերից այն չի հաջողվում վերացնել:









