Համացանցում հայկական կողմն առաջ է անցնում Ադրբեջանից. պատմաբան
Համացանցում՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև մղվող տեղեկատվական պատերազմում հայկական կողմը տանուլ չի տալիս, դեռ մի բան էլ առաջ է անցնում: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հավաստիացրեց Երևանի պետական համալսարանի Հայագիտական հետազոտությունների ինստիտուտի գիտական քարտուղար, Վիրտուալ հայագիտության և տեղեկատվության բաժնի վարիչ, պատմական գիտությունների թեկնածու Մհեր Հովհաննիսյանը:
«Մի բան է, երբ Լեռնային Ղարաբաղի հարցի շուրջ խոսում են պաշտոնյաները, մի ուրիշ բան, երբ խոսում է հանրությունը: Միջազգային հանրությունը լավատեղյակ է հարցից և հայամետ դիրքորոշում ունի: Վերցնենք գիտական քարոզչության դաշտը. այստեղ պայքարն ընթանում է այն երկրների ուղղությամբ, որոնք ԼՂ խնդրի կարգավորման հետ կապված քայլեր կարող են անել, և մենք պետք է ստանանք այդ երկրի հանրության դրական դիրքորոշումը»,- ասաց նա:
Բանախոսը նկատեց, թե Հայաստանը վերջին տարիներին գրագետ է օգտագործում սփյուռքի գործոնը, այսօր ամբողջ աշխարհում բացվել են 60-ից ավելի հայագիտական կենտրոններ:
Մհեր Հովհաննիսյանը նշեց, որ տեղեկատվական պատերազմում աշխատանք է տանում նաև Ադրբեջանը, սակայն, ըստ բանախոսի, ադրբեջանական սփյուռքի ռեսուրսները չի կարելի համեմատել հայկական սփյուռքի ռեսուրսների հետ:
«Հայկական կողմի օգտին է խոսում նաև այն հանգամանքը, որ աշխարհի լուրջ գիտական խմբերը լավ գիտեն ու տեղյակ են, թե իրականում Ղարաբաղն ո՞ւմ է պատկանել և ովքե՞ր են եղել էթնիկ բնակիչները»,- ասաց նա:
Մհեր Հովհաննիսյանը ընդգծեց ԼՂ հիմնախնդրի լուսաբանման հարցում գիտական ոլորտի ներկայացուցիչների ունեցած կարևոր դերակատարությունը՝ ասելով, որ դա պատերազմից հետո շարունակվող գործընթացի մյուս փուլն է, որտեղ մենք պարտվելու իրավունք չունենք:
Անդրադառնալով համացանցի որոնողական դաշտերին՝ Մհեր Հովհաննիսյանը նշեց, եթե մի քանի տարի առաջ Արցախի հարցի մասին տեղեկատվություն փնտրելիս առաջին հորիզոնականում հայտնվում էին ադրբեջանական կայքերը, ապա այսօր հայկական կայքերն են առաջ անցել:
«Լսարանի խնդիրը շատ կարևոր է: Մենք վերջին 3 տարիներին հիմնականում նկատում ենք, որ քարոզչական լսարանը ռուսալեզու և անգլալեզու է: Համացանցի հիմնական լսարանները հենց այս լեզուներին տիրապետողներն են և կապված այս հանգամանքի հետ, թե՛ հայկական, թե՛ ադրբեջանական կողմերը համացանցում խնդիրը ներկայացնում են հիմնականում այդ լեզուներով»,-տեղեկացրեց նա:
Բանախոսը նաև ասաց, որ վերջին տարիներին ադրբեջանական ագրեսիան համացանցում որոշ չափով նվազել է:









