Երևանի ու Բաքվի փարիզյան գաղտնիքները. Независимая газета
Հունիսի 18-ին Հայաստանն ու Ադրբեջանը սպասում էին Փարիզից լուրերի. Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորմամբ զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի նախաձեռնությամբ` Ֆրանսիայի մայրաքաղաքում կայացավ Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի ու Էլմար Մամեդյարովի հանդիպումը:
«Բանակցությունները կրկնակի անհրաժեշտություն էին հակամարտող կողմերի շփման գծում ծայրահեղ լարվածության ֆոնին»,- գրում է «Նեզավիսիմայա գազետա»-ն` հավելելով, որ Նալբանդյան-Մամեդյարով հանդիպմանը լրացուցիչ ինտրիգ հաղորդեց ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հայտարարությունը, համաձայն որի` Փարիզում կողմերին կառաջարկվի խնդրի կարգավորման «նոր մոտեցում»:
«Օրերս Հարավային Կովկաս այցի ժամանակ Քլինթոնի խոսքերից հասկացվեց, որ «նոր մոտեցումը» վերջ կդնի հարևան երկրների միջև թշնամությանը»,- գրում է հոդվածագիր Յուրի Ռոքսը` նշելով, որ Պետքարտուղարի այցը տարածաշրջան համընկավ շփման գծում աննախադեպ լարվածության հետ: Ըստ թերթի` լարվածությունը չմեղմեց նաև Քլինթոնի այցին հաջորդած ԵԱՀԿ գործող նախագահ Էյմոն Գիմլորի այցը Հարավային Կովկաս:
Լարվածության ֆոնին, պաշտոնական Բաքուն խոսեց բանակցությունների անարդյունավետության ու ռազմական գործողություններ սկսելու պատրաստակամության մասին` հիշեցնելով, որ «ադրբեջանցի ժողովրդի համբերությունն անվերջ չէ»: Իսկ Երևանն ու Ստեփանակերտը նման հայտարարությանը պատասխանեցին «ագրեսորին իր տեղը դնելու» պատրաստակամությամբ, իսկ փորձագիտական մակարդակով խոսվեց իրավիճակից օգտվելու և Լեռնային Ղարաբաղի տարածքային ամբողջականությունը վերականգնելու մասին:
«Միևնույն ժամանակ, կողմերից ոչ մեկը պատերազմ չի ցանկանում, սակայն միմյանց զիջել էլ պատրաստ չեն»,- գրում է հոդվածագիրը` հավելելով, որ գլխավոր հակասությունը ԼՂ կարգավիճակն է:
«Նույնիսկ այնպիսի բարդ ու հիվանդագին հարցերը` փախստականների ճակատագիրը, այդ թվում նաև Ադրբեջանից հայերի, կամ էլ Ղարաբաղի հարակից ադրբեջանական շրջանների ազատագրումը, որոնք Բաքուն անվանում է գրավյալ, իսկ Երևանն ու Ստեփանակերտը` անվտանգության գոտի, երկրորդ պլանում են: Սակայն, երբ սկսում է խոսք գնալ չճանաչված հանրապետության կարգավիճակի մասին, բանակցությունը վերածվում է խուլի ու կույրի խոսակցության»,- գրում է թերթը:
Ըստ հոդվածագրի` Բաքուն, ղեկավարվելով միջազգային իրավունքի` տարածքային ամբողջականության սկզբունքով, տեսնում է Ղարաբաղը բացառապես Ադրբեջանի կազմում, իսկ հայկական կողմը հենվելով միջազգային իրավունքի մեկ այլ` ժողովուրդների ինքնորոշման իրավունքի վրա, գտնում է, որ կարգավիճակի հարցը ենթակա չէ քննարկման ու առաջարկում է Ադրբեջանի այլ պահանջների բավարարման սխեմաներ` ԼՂ ինքնիշխանության ճանաչման փոխարեն: Միջնորդներն էլ փորձում են համատեղել այս 2 սկզբունքները, սակայն արդեն որերորդ տարին` ապարդյուն:
«Այդ իսկ պատճառով Քլինթոնի` «նոր մոտեցման» մասին հայտարարությունը չէր կարող աննկատ մնալ»,- գրում է թերթը:
Բանակցային գործընթացը, որպես կանոն, անցկացվում է գաղտնի պայմաններում: Քննարկվող հարցերի ու առաջարկների մասին պարզ է դառնում միայն որոշ ժամանակ անց:
«Առաջին հայացքից կարող է թվալ, որ ԱՄՆ-ի պետքարտուղարը բլեֆ է արել` խոսելով նոր մոտեցման մասին, որն ունակ է վերջ դնել թշնամանքին, քանի որ հայ-ադրբեջանական իրականության պայմաններում ոչ մի ձևաչափի ու տրամաբանության մեջ չի տեղավորվում «տարածաքային ամբողջականություն» և «ազգերի ինքնորոշում» սկզբունքների համատեղելիությունը»,- գրում է հոդվածագիրը:
Մյուս կողմից, ըստ նրա, պետք է ուշադրություն դարձնել վերջերս Վաշինգտոնի Վուդրո Վիլսոնի կենտրոնում անցկացված համաժողովին, որտեղ փորձագիտական մակարդակով հնչեց հակամարտությանը երրորդ ուժի միջամտության անհրաժեշտության մասին կարծիք:
«Երրորդ կողմ ասելով պետք չէ հասկանալ ԱՄՆ-ին, դա կտրականապես դուր չի գա ոչ Հայաստանին, ոչ էլ նրա ռազմավարական գործընկեր Ռուսաստանին»,- նկատում է հոդվածագիրը` հավելելով, որ «արտաքին ուժերի մուտքը» տարածաշրջան առանց բանակցային գործընթացի բոլոր մասնակիցների համաձայնության կհանգեցնի այնպիսի աղետալի հետևանքների, որ սթափ բանականությամբ օժտված ոչ մի գերտերություն չի համարձակվի նման քայլի դիմել:
«Այդ իսկ պատճառով մնում է միայն բանակցություններ վարել, թո’ղ որ դեռ ապարդյուն: Սակայն Փարիզից հետո, եթե Հայաստանի ու Ադրբեջանի միջև լարվածությունը գոնե մի փոքր էլ նվազի, ապա կարելի է համարել, որ այն անցել է շատ հաջող»,- եզրափակում է թերթը:









