Կենտրոնական բաժնի օպերլիազորներին դանակահարած երիտասարդների նկատմամբ կիրառվեց երկամսյա կալանք և նրանք տեղափոխվեցին բանտ (ֆոտո)

23:24 • 19.06.12

Այսօր հունիսի 19-ին, ժամը 18-ին Երևանի Կենտրոն Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան էին տեղափոխվել հունիսի 16-ին Երևանում Ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախուզության օպեր–լիազորներին դանակահարած անձինք՝ 21-ամյա Արամ Առաքելյանը և 22-ամյա Վլադիմիր Խոդիկյանը։


Ինչպես դատարանից Tert.am–ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կենտրոնական քննչական բաժնի քննիչը միջնորդել էր նշված դատարան, որպեսզի Ա. Առաքելյանը և Վլ. Խոդիկյանը դատարանի որոշմամբ վերցվեն երկամսյա կալանքի։ Դատավոր Մնացական Մարտիրոսյանը դռնփակ դատական նիստն անցկացնելուց և խորհրդակցական սենյակից վերադառնալով որոշեց բավարարել քննչական մարմնի միջնորդությունը։


Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից Tert.am–ին հայտնել էր Գագիկ Շամշյանը, հունիսի 16-ին` ժամը 21:20-ի սահմաններում Երևանի Պռոշյան փողոցում գտնվող թիվ 3 հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունք էին տեղափոխվել 2 երիտասարդ, ովքեր Ոստիկանության Երևան քաղաքի վարչության, Ոստիկանության կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազորներ 22-ամյա Հայկ Դանիելյանն ու 31-ամյա Արթուր Մխիթարյանը։


Հիվանդանոցում բժիշկները ֆոտոլրագրողին հայտնել էին, որ Արթուրը սուր կտրող ծակող գործիքի հարվածից ստացել է 3 վնասվածք, իսկ Հայկը` 1:

Ըստ Շամշյանի` այդ օրը երեկոյան Ոստիկանության կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի աշխատակիցները ծառայություն կատարելիս են եղել Մաշտոցի պողոտայի և Պուշկինի փողոցի խաչմերուկում: Այդ ժամանակ լսել են հայհոյանքներ և նկատել, որ նշված խաչմերուկում 2 երիտասարդ ծեծի են ենթարկում մեկ այլ երիտասարդի: Դեպքի վայրում հավաքված քաղաքացիները ֆոտոլրագրողին պատմել էին. «3 երիտասարդ վիճում էին և հայհոյում իրար, մեկ էլ էն տեսնենք, որ 3-4 ջահելներ շտապ մոտեցան կռիվ անողներին, գոռալով թե իրենք քրեական հետախուզության աշխատողներ են: Կռիվ անողները դիմեցին փախուստի տարբեր ուղղություններով: Նրանց սկսեցին հետապնդել քրեականի աշխատող ներկայացած երիտասարդները»:


Այնուամենայնիվ, քրեական հետախուզության աշխատակիցներին հաջողվում է բռնել նրանցից մեկին` 21-ամյա Արամ Առաքելյանին և, մինչ կփորձեին նրան տեղափոխել Ոստիկանություն, նրա ընկերը` 22-ամյա Վլադիմիր Խոդիկյանը, իր մոտ եղած դանակով հարվածներ էր հասցրել ոստիկանության աշխատակիցներին և դիմել փախուստի, սակայն մյուս ոստիկաններին հաջողվել էր բռնել նաև նրան:

Ավելի ուշ Ոստիկանության կենտրոնական բաժին էին տեղափոխվել Վ. Խոդիկյանն ու Ա. Առաքելյանը, ովքեր Արտաշատ քաղաքի բնակիչներ են, ինչպես նաև այն քաղաքացին, ում ծեծի էին ենթարկել: Այդ քաղաքացին Երևան քաղաքի բնակիչ` 23-ամյա Տիգրան Փիլոյանն է:

Հիվանդանոց էին ժամանել Ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ, գեներալ-մայոր Ներսես Նազարյանը, Երևանի ոստիկանապետի օպերգծով տեղակալ, ոստիկանության գնդապետ Աշոտ Միրիջանյանը և Ոստիկանության կենտրոնական բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Սարգիս Մարտիրոսյանը:


Ֆոտոլրագրողը հայտնել էր նաև, որ իր տեղեկություններով, փաստի առթիվ ոստիկանության քննչական գլխավոր վարչության կենտրոնական քննչական բաժնում կհարուցվի քրեական գործ` ՀՀ Քր. Օր.-ի 316 հոդվածի (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը) հատկանիշներով:


Ըստ Շամշյանի` նրանց մոտ հայտնաբերվել է նաև թմրամիջոց, ինչպես նաև հանցագործության գործիք 2 դանակները, որոնք գաղտնի փականով են:

Բժիշկները հայտնել են, որ դեռ 10 օրից ավել վիրավորները պետք է մնան իրենց հսկողության տակ:


Լուսանկարները` Գագիկ Շամշյանի