Մեկնարկեց ԱԺ արտահերթը. ՀՅԴ-ն, «Ժառանգություն»-ն ու ՀԱԿ-ը հայտարարեցին իրենց ընդդիմություն լինելու մասին

11:15 • 20.06.12

Այսօր մեկնարկեց ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նիստը, որի ժամանակ ԱԺ «Հայ ազգային կոնգրես», «Ժառանգություն» և «Հայ հեղափոխական դաշնակցություն» խմբակցությունները, ըստ «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի պահանջի, հայտարարեցին, որ իրենք գործելու են որպես ընդդիմություն:

 

Մինչդեռ, ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը նման հայտարարությամբ հանդես չեկավ:



ԱԺ արտահերթ նիստում պատգամավորի երդում տվեցին նորընտիր պատգամավորներ ՀՀԿ-ական Հովհաննես Սահակյանն ու ՕԵԿ-ական Հովհաննես Մարգարյանը:


Հիշեցնենք, որ ՀՀԿ համամասնական ցուցակի 112 հորիզոնականը զբաղեցնող Հովհաննես Սահակյանը պատգամավորական մանդատ ստացավ այն բանից հետո, երբ ՀՀԿ-ական, ՀՀ ԱԺ պատգամավոր Գագիկ Բեգլարյանը նշանակվեց ՀՀ կապի և տրանսպորտի նախարար, իսկ ՕԵԿ-ական Հովհաննես Մարգարյանը պատգամավորի մանդատ ստացավ իր կուսընկեր՝ ՕԵԿ-ական Սամվել Թադևոսյանի քաղաքաշինության նախարար նշանակվելուց հետո:


Նշենք, որ այսօրվա ԱԺ արտահերթ նիստին ամբողջ կազմով է ներկայացել ԱԺ ՀԱԿ խմբակցությունը:
Այս պահի դրությամբ, բացակաների ցուցակում են, «Ժառանգություն» խմբակցության անդամներ Զարուհի Փոստանջյանն ու Րաֆֆի Հովհաննիսյանը:


Այս պահին, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը նորընտիր խորհրդարանին է ներկայացնում ՀՀ կառավարության 2012-2017 թթ. գործունեության ծրագիրը: