150 միլիոն խմ-ով ավելացնել Սևանա լճից բաց թողնվող ջրի քանակը.ԱԺ հանձնաժողովը տվեց իր դրական եզրակացությունը

18:03 • 20.06.12

Այսօր, հունիսի 20-ին, ՀՀ Ազգային ժողովի գյուղատնտեսական և բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովը, նախագահությամբ Սամվել Բալասանյանի, հրավիրել է նիստ, ուր քննարկել է «Սևանա լճի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» և «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերը, որոնք ներկայացրել է ՀՀ տարածքային կառավարման նախարարության Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանը:


Այս մասին հայտնում են ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:

 

Օրենսդրական փոփոխությունների այս փաթեթով Կառավարությունն առաջարկում է` 2012 թվականին Uևանա լճից ջրի բացթողման տարեկան առավելագույն չափաքանակ uահմանել մինչև 320 մլն խորանարդ մետրը՝ 150 միլիոն խորանարդ մետրով ավելացնելով օրենքով սահմանված ծավալը:

 

Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահը նախաձեռնությունը հիմնավորեց ոռոգման ջրի սակավությամբ, Ապարանի, Ազատի ջրամբարներում, Հրազդան գետում սպասվածից քիչ ջրային պաշարներով, ինչի հետևանքով դեֆիցիտը կկազմի 150 մլն խորանարդ մետր:

 

Քննարկելով Սևանա լճից լրացուցիչ ծավալով ոռոգման նպատակով ջրի բացթողման հարցը՝ հանձնաժողովն առաջարկեց հաշվարկները ներկայացնել տեղեկանքի տեսքով՝ առավել հիմնավոր պատկեր ունենալու համար:

 

Միաժամանակ, ԱԺ գյուղատնտեսական և բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը նշեց, որ հարցը քննարկվել է նաև հասարակական կազմակերպությունների հետ, և եկել են այն եզրակացության, որ սակավաջրության խնդիրն իսկապես արդիական է: Նրա խոսքով, սակայն, պետք է անպայման շեշտել «մինչև 320 մլն խորանարդ մետր» ծավալը, քանի որ չի բացառվում ՝ հնարավոր լինի բավարարվել ավելի քիչ քանակությամբ:

 

Հանձնաժողովը քննարկված օրինագծերի վերաբերյալ տվել է դրական եզրակացություն:
ԱԺ գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովն այսօրվա նիստի օրակարգի առաջին կետով հաստատել է հանձնաժողովի կանոնակարգը: