Ադրբեջանական ագրեսիան դատապարտող նոր նախաձեռնություն՝ Ամերիկայի Հայ դատի գրասենյակի կողմից

09:34 • 20.06.12

Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը Ադրբեջանի հակահայկական ագրեսիան դատապարտելու նոր քայլ է ձեռնարկել: Կազմակերպությունը կոչ է անում էլեկտրոնային նամակներ հղել սենատորներին և կոնգրեսականներին:

 

Հայ դատի գրասենյակը ներկայացնում է նամակի տեքստը, որում շարադրված են ագրեսիայի մանրամասները. «Հունիսի 4-ին երկուշաբթի օրն առավոտյան՝ Կովկաս` պետքարտուղար Հիլարի Քլինթոնի այցից մի քանի ժամ առաջ, Ադրբեջանը լկտի հարձակում ձեռնարկեց Հայաստանի Տավուշի մարզի վրա՝ սպանելով 3 հայ զինվորների` պոտենցիալ տարածաշրջանային պատերազմ հրահրելով, որ կարող էր ներառել նաև ՆԱՏՕ-ն և հետ մղել խաղաղ, բանակցային կարգավորումը: Հաջորդ 2 օրերի ընթացքում ևս մի քանի հարձակումները հանգեցրեցին ևս 6 մահվան` Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի սահմաններին»:

 

Նամակի երկրորդ մասում հնչեցվում է դատապարտման կոչը. «Ժամանակն է, որպեսզի Ամերիկան և միջազգային հանրության մնացյալ հատվածը սաստեն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, երբ նա բացեիբաց սպառնում է վերսկսել պատերազմը Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի դեմ»:

 

«Թողտվության և վերսկսվելիք պատերազմի վտանգների գինը չափազանց բարձր են մեզ համար՝ թե Ալիևի սպառնալիքները մոռանալու, թե արհամարհելու այն վտանգը, որ նա ներկայացնում է տարածաշրջանում և դրա սահմաններից դուրս», - ընդգծում է Ամերիկայի Հայ դատի  հանձնախումբը  իր նամակում: