Ասանժը քաղաքական ապաստան է խնդրել Էկվադորից
Սկանդալային Wikileaks կայքի հիմնադիր, ավստրալացի լրագրող Ջուլիան Ասանժը դիմել է Մեծ Բրիտանիայում Էկվադորի դեսպանություն և խնդրել իրեն քաղաքական ապաստան տրամադրել: Այս մասին հայտնել է լատինամերիկյան նշված երկրի արտգործնախարար Ռիկարդո Պատինոն:
«Էկվադորն ուսումնասիրում և վերլուծում է այս դիմումը», - ասել է նա:
Էկվադորյան դեսպանության պաշտոնական հայտարարության մեջ նշվում է, որ երեկ երեկոյան Ասանժը ժամանել է դեսպանատան շենք ապաստանի մասին խնդրանքով:
«Որպես ՄԱԿ-ի` Մարդու իրավունքներին համընդհանուր հռչակագիրը ստորագրած պետություն, մենք այն փոխանցել ենք Կիտոյում համապատասխան դեպարտամենտին», ասված է դեսպանատան հայտարարության մեջ:
Շեշտվում է, որ մինչ Էկվադորի պաշտոնական եզրակացությունը Ասանժը գտնվելու է դեսպանության տարածքում` այդ երկրի պաշտպանության տակ, միևնույն ժամանակ ապաստանի մասին դիմումը «չպետք է ոչ մի կերպ դիտարկվի, որպես միջամտություն Բրիտանիայի կամ Շվեդիայի տարածքում ընթացող իրավական գործընթացներին»:
Ասանժի հայտարարության մեջ եխատագիտություն է հայտնվում Էկվադորի կառավարությանն ու դեսպանին` իր դիմումը ուսումնասիրելու համար:
Հիշեցնենք, որ Մեծ Բրիտանիայում մի քանի դատական լսումներից ու բողոքարկումներից հետո որոշում է կայացվել ավստալացի լրագրողին արտահանձնել Շվեդիա, որտեղ նրան մեղադրում են սեռական բնույթի հանցագործությունների մեջ: Նա հերքում է մեղադրանքները և պնդում, որ դրանք քաղաքական դրդապատճառներ ունեն և պայմանավորված են իր հիմնած կայքի գործունեության հետ:









