Շառլ Ազնավուրը բարեգործական համերգ է տվել Չինաստանում և հանդիպել է շանհայաբնակ հայության հետ
Հունիսի 18-ին Շանհայում կայացել է մեծ միջազգային ճանաչում ունեցող բարեգործական հեղինակավոր գալա համերգ, որին մասնակցելու նպատակով Չինաստան էր հրավիրվել Շառլ Ազնավուրը: Այս մասին տեղեկանում ենք, ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունից։
Հունիսի 19-ին Չինաստանում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ կազմակերպվել է Ազնավուրի հանդիպումը շանհայաբնակ հայության հետ: Դեսպան Արմեն Սարգսյանը հյուրին ներկայացրել է հավաքին ժամանած շուրջ 20 երիտասարդ հայերի, որոնք տարաբնույթ հարցեր են ուղղել իրենց մեծանուն հայրենակցին:
Ջերմ մթնոլորտում անցած հանդիպման ընթացքում Շառլ Ազնավուրը խոսել է Հայաստանի, հայապահպանման հարցերի մասին` կարևորելով երիտասարդության դերը մեր երկրի կայացման և զարգացման գործում:










