Օրական մեկ բազմահարկ շենք է «մահանում» կամ մեկ գյուղ արտագաղթում. Նաիրա Զոհրաբյանը քննադատեց կառավարությանը
ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն այսօր կառավարության գործունեության ծրագրի քննարկման ժամանակ իր ելությում նշեց, որ ՀՀ կառավարությունը տապալել է իր գործուներությունը, և արտագաղթն այս ընթացքում կրկնապատվել է, և հենց արտագաղթի պատճառով օրական «մահանում» է մեկ բազմահարկ շենք:
«Մենք համաձայն ենք մեր գործընկերների այն դիտարկմանը, որ օրը 450 մարդ արտագաղթում է, և այդքան մարդ է ապրում հենց հայկական մեկ գյուղում։ Ստացվում է որ ամեն օր Հայաստանում մահանում է օրական մեկ բազմահարկ շենք: Սրանք իրական թվեր են, որոնց հետևում մարդկային խեղված ճակատագրեր են»,- նշեց Նաիրա Զոհրաբյանը:
ԲՀԿ խմբակցության քարտուղարը նշեց, որ այս կառավարությունը, որը փոփոխված տեսք չունի, հավակնում է ստանալ վստահության քվե. «Մենք միշտ կարող ենք հղում անել ֆինանսատնտեսական ճգնաժամին, և ինձ մոտ տպավորություն է, որ ծրագիրը միայն ճգնաժամից է կազմված: Երկրին աճ արձանագրելու համար անհրաժեշտ են զգալի փոփոխություններ, սակայն ի՞նչ զգալի փոփոխություն, եթե մենք տեսնում ենք նույն թիմին, նույն վարչապետի գլխավորությամբ»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը:
Իր ելույթի վերջում Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունն իր ողջ կազմով դեմ է քվեարկելու կառավարության այս ծրագրին:
Հիշեցնենք, որ այսօր ՀՀ Ազգային ժողովում քննարկվում է կառավարության գործունեության ծրագիրը:









