ԲՀԿ-ն չի պատրաստվում աննպատակ «պառկել ռելսերի վրա». Ն. Զոհրաբյանը Սևանից ջրի բացթողման նախագծին կողմ քվեարկելու վերաբերյալ

23:57 • 20.06.12

«Բարգավաճ Հայաստանը» չպատճառաբանված և ինքնանպատակ քննադատությամբ չի զբաղվելու, չի ընդդիմանալու միայն և, պարզապես, այն պատճառով, որ դրա հեղինակն այս կամ այն քաղաքական ուժն է, կամ ՀՀ կառավարությունը:

 

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում հայտնեց ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն՝ ի պատասխան այն հարցին, թե ինչո՞ւ այսօր ԱԺ գյուղատնտեսական և բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ԲՀԿ-ական Սամվել Բալասանյանը և հանձնաժողովի ԲՀԿ-ական մյուս անդամները կողմ քվեարկեցին «Սևանա լճի մասին» և «Uևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և oգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաuտատելու մաuին» օրենքներում փոփոխություն և լրացում կատարելու նախագծերին:

 

Տեղեկացնենք, որ համաձայն դրանց, առաջարկվում է 2012 թվականին Uևանա լճից ջրի բացթողնման տարեկան առավելագույն չափաքանակ uահմանել մինչև 320 մլն խմ՝ 150 միլիոն խմ-ով ավելացնելով օրենքով սահմանված ծավալը:

 

Նշենք, որ հանձնաժողովի 12 անդամներից 5-ը, այդ թվում հանձնաժողովի նախագահ Սամվել Բալասանյանը ԲՀԿ-ականներ են:



«Տարին չորային է և բոլորիս համար հասկանալի է, որ սա պարտադրված քայլ է և ԲՀԿ-ն այդ նախագիծը ևս իր խմբակցության նիստում քննարկել է և օբյեկտիվ անհրաժեշտությունից ելնելով՝ հասկացել է, որ դրան պետք է կողմ քվեարկվի: Իսկ ընդդիմանալ միայն այն պատճառով, որ դա Կառավարության նախագիծն է, կարծում եմ՝ հարիր է այն քաղաքական ուժերին, որոնք իրենց հռչակում են ընդդիմություն և «պառկում են ռելսերի վրա»՝ անկախ նրանից, թե դրա անհրաժեշտությունը կա՞, թե՝ ոչ»,- ի պատասխան մեր հարցին՝ ասաց ԲՀԿ խմբակցության քարտուղարը:

 
 

Հիշեցնենք, որ Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահը Կառավարության նախաձեռնությունը հիմնավորել էր ոռոգման ջրի սակավությամբ, Ապարանի, Ազատի ջրամբարներում, Հրազդան գետում սպասվածից քիչ ջրային պաշարներով, ինչի հետևանքով դեֆիցիտը կկազմի 150 մլն խորանարդ մետր:
 


Անդրադառնալով բնապահպանների հնչեցրած մտահոգություններին՝ Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ հաշվի առնելով Սևանա լճի ներկայիս մակարդակն ու բաց թողնվող ջրի քանակը, չի կարծում, որ բնապահպանական խնդիրներ առաջանան:

 

Մինչդեռ բնապահպանական մի շարք կազմակերպություններ այսօր հայտարարել էին, որ սահմանված քանակից ավելի բացթողումներ կարող են թույլատրվել միայն տնտեսական խիստ անհրաժեշտության և չնախատեսված արտակարգ իրավիճակների դեպքում: