Դատաիրավական բարեփոխումներ` ըստ Արթուր Սաքունցի

19:28 • 20.06.12

Համայնքային ոստիկանությունը պետք է հաշվետու լինի համայնքին, օրենքով սահմանվեն դատավորների ու փաստաբանների էթիկայի կանոնները, և ՀՀ նախագահը դատավորներին նշանակի միայն ֆորմալ առումով. սրանք Հայաստանի Հելսինկյան ասոցիացիայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցի՝ Հայաստանում դատաիրավական բարեփոխումների վերաբերյալ կոնցեպցիայի սեղմագրերն են:

 

«Այնպես որ, շատ ավելի լուրջ խնդիրներ կան, քան վարչապետի ասածներն են»,-Tert.am-ի հետ զրույցում ասաց իրավապաշտպանը:

 

Հիշեցնենք, որ այսօր Ազգային ժողովում վարչապետ Տիգրան Սարգսյանը՝ ներկայացնելով ՀՀ կառավարության առաջիկա հինգ տարիների գործունեության ծրագիրը, դատաիրավական ոլորտի մասին խոսելիս նշել է, որ կառավարությունն իրապես խստացնելու է իրավապահ մարմինների կողմից անձի իրավունքների խախտման հարցում պատասխանատվությունը, և առավել խիստ պահանջներ է ներկայացնելու դատավորների և դատախազների մասնագիտական պատրաստման և բարոյական նկարագրի հարցում. «Կրճատելու ենք դատարանների կողմից գործերի քննության ժամկետները` խթանելով արտադատական միջոցներով վեճերի լուծման տարբերակները»,-ասել է Տիգրան Սարգսյանը:

 

Ուսումնասիրելով ոստիկանական համակարգում 2010-2011թթ.բարեփոխումների ծրագիրը, Վանաձորի ՀՔԱ գրասենյակի ղեկավարն հայտնաբերել է դատաիրավական բարեփոխման մասին վկայող ընդամենը երկու փաստաթուղթ՝ ոստիկանության պահվածքի և հատուկ միջոցների կիրառման մասին: Ինչն, ի դեպ, ԵԽԽՎ-ի առաջ մեր ստանձնած պարտավորությունների շրջանակում է:

 

«Չեմ տեսնում իրական բարեփոխում: Օրինակ՝ համայնքային ոստիկանությունը (որի մոդելը ներդրվում է- Tert.am ) ենթադրում է, որ հասարակական կարգի պահպանությունը պետք է ոստիկանությունից վերցվի և դրվի հանրային ու ենթահամայնքային ենթակայության տակ, և համայնքային ոստիկանապետին կամ պետք է նշանակի քաղաքապետը կամ նա պետք է ընտրվի տվյալ համայնքի բնակչության կողմից»,-ասաց Արթուր Սաքունցը:

 

Վերջինիս ամփոփմամբ՝ ինչպես ոստիկանությունում, այնպես էլ այլ ոլորտներում պետք է կատարվեն ինստիտուցիոնալ և կառուցվածքային փոփոխություններ:

 

Օրինակ՝ առաջարկվում է, որպեսզի դատախազական համակարգում, ինչպես նաև ոստիկանությունում, ներքին անվտանգության ծառայությունների կողմից ծառայողական քննությունների իրականացումը կատարվի անկախ կառույցի կողմից,այլ ոչ թե ոստիկանությունում կամ դատախազությունում գործող որևէ ստորաբաժանման:
Դատական ոլորտում Սաքունցը արձանագրում է հետևյալ փոփոխությունները. վերացվի ՀՀ նախագահի կողմից դատավորներին նշանակելու և ազատելու իմպերատիվ մանդատը, կարգապահական վարույթի տեսանկյունից վերացվի դատավորների կախյալ վիճակը գործադիրից. «Երբ գործադիրի տեսակետից՝ «ոչ պատշաճ» պահվածքի համար դատավորը հեռացվում է աշխատանքից»,-նկատեց Արթուր Սաքունցը:


Վերջինս նաև հավելեց, որ դատավորների վերաբերյալ կան ՄԱԿ-ի չափորոշիչներ, որոնք, օրենսդրական ուժ պետք է ստանան: Իսկ, առհասարակ, ըստ իրավապաշտպանի, ավելի շատ խրախուսվեն դատական իշխանության ինքնակառավարման մեխանիզմները:

 

Իբրև ասվածի հավելում, Արթուր Սաքունցը նշեց օրենդրական այլ փոփոխությունների մասին ևս: Մասնավորապես, քրեական դատավարության օրենսգրքում ներառվի դրույթ կողմերի հավասարության մասին, ինչը ներկայումս ամրագրված չէ, որպեսզի փորձաքննություններն իրականացվեն ոչ թե ՊՈԱԿ-ներում՝պետական ոչ առևտրային կազմակերպություններում, այլ իրապես անկախ փորձագիտական կենտրոններում:


Իրավապաշտպանի կողմից առաջարկվող բարեփոխումները չեն շրջանցում անգամ փաստաբանական ինստիտուտը՝ փաստաբանական ծառայությունը: Առաջարկվում է վերացնել Փաստաբանական պալատը, ինչպես նաև՝ հանրային պաշտպանի ինստիտուտում (որի միջոցով պետությունը վճարում է անապահով քաղաքացիների իրավական պաշտպանության համար- Tert.am ) գործող վճարային համակարգի փոխարեն գործի փաստաբանական մրցույթի սկզբունքը: