Դեմկուսը ՀՀ կառավարությանը կներկայացնի փաթեթ՝ փախստականների հիմնահարցերի լուծման վերաբերյալ

13:13 • 20.06.12

Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը, չսպասելով ևս հինգ տարի՝ իր ծրագրերը ներկայացնելուն (այսինքն՝ եկող խորհրդարանական ընտրություններին-Tert.am), այսօր՝ փախստականների միջազգային օրվա առիթով լրագրողներին ներկայացրեց փախստականների հիմնահարցերի լուծման իր դիտարկումները:

 


Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը հրավիրված մամուլի ասուլիսում նշեց, որ նախընտրական շրջանում այցելելով փախստականներին, իրենք ականատես են եղել, թե ինչ սոսկալի վիճակում են նրանք ապրում:
«Մարդիկ 23 տարի ապրում են իրենց ոչ վայել կենցաղով: Շատերը հեռացել են, մյուսներն էլ, հնարավորություն ունենալու դեպքում, կհեռանային երկրից: Մենք ներկայացնում ենք փախստականների հիմնահարցերին վերաբերող փաթեթը, որով կարելի է լուծել մի շարք խդիրներ: Այսպես այլևս չի կարող շարունակվել»,-ասաց Դեմկուսի նախագահը:

 


Բանախոսը տեղեկացրեց, որ փաթեթում տեղ են գտել կոնկրետ հարցերին վերաբերվող կոնկրետ պատասխաններ, որոնք էլ կուսակցությունը պատրաստվում է առաջիկայում ներկայացնել ՀՀ կառավարությանը:

 


Նա ընդգծեց, որ այսօր հանրակացարաններում բնակվող փախստականները հույս չունեն, որ իրենք երբևէ բնակարան կստանան: Արամ Սարգսյանը ցավալի համարեց այն փաստը, որ 23 տարվա ընթացքում Հայաստանում՝ Քասախ գյուղում, կառուցվեց, ընդամենը, մեկ շենք և 20 բնակարան ու հատկացվեց փախստականներին:

 

 

«Մենք բացարձակապես անուշադրության ենք մատնել այս խավին: Ընչազուրկ խավն է սա և պետք է առանձնապես ուշադրության տակ լինի: Այս հարցը լուծելու համար պետք է ձևավորվի հատուկ ֆոնդ»
Դեմկուսի նախագահը միաժամանակ նշեց, որ ուշադրության տակ առնելով փախստականներին չպետք է մոռանալ նաև հասարակության մյուս խավերին. «Ժողովրդի բոլոր հատվածների համար պետք է լինի հատուկ մոտեցում»,- եզրափակեց Դեմկուսի ղեկավարը։