Տեսողական պատրանքներ Դիլիջանի անտառներում կամ թե ինչու էին «բիզ–բիզ» կանգնել Նինա Հովնանյանի մազերը

00:30 • 20.06.12

Սփյուռքահայ գործարար և բարերար Վահագն Հովնանյանի դստեր՝ Նինա Հովնանյանի <մազերը բիզ-բիզ են կանգնել> այն տեսարանից, ինչին նա ականատես է եղել Դիլիջանում:



«Դիլիջանի թունելէն կ’իջնէի և կարծեցի, թէ աչքերս խաբած էին, քանի որ ամեն, ամեն յոլքաները չորցած էին: Ոչ մեկը կանաչ չէր: Վերջը ըսի, որ սխալ նայած եմ և վերադարձին ամեն չորս բոլորը նայում էի, յոլքա չիկար, որ սրճագույն չէր, և մյուս ծառերը կաս-կանաչ: Այսինքն՝ կարծես հիվանդ են, և ամբողջ տարածքը, ամեն եղևնիները՝ ոչ մեկ-երկու: Մազերս բիզ-բիզ եղավ, Facebook-ի վրա ոչ մեկն էլ լուր չունի. 5000 friend ունեմ, հատուկենտ մարդ պատասխանեց, կարծես իրենց պետքը չէ: Բայց չէ՞, որ անիկա մեր թոքերու շունչն է»,- Tert.am-ի հետ զրույցում ասաց Նինա Հովնանյանը:

 


Դիլիջան այցելած բազմաթիվ մարդիկ, այդ թվում և բժիշկ Արմեն Մարտիրոսյանը ևս քաղաքում ականատես է եղել սրճագույն եղևնիների գոյության փաստին, մինչդեռ «Դիլիջան» ազգային պարկի տնօրեն Աշոտ Դավթյանը լսելով մեր հարցը՝ այսպես արտահայտեց իր զարմանքը.«Բայց ինչի՞ չեն կանաչ», և ավելացրեց.«Ես հենց հիմա սասնաների՝ սոճիների դիմացը կանգնած եմ, շատ սիրուն կանաչ գույնի են»:

 


«Դիլիջան» ազգային պարկի տնօրենը հավելեց, թե առաջին անգամ է սրճագույն եղևնիների մասին տեղեկանում, այսինքն՝ ոչ մի ահազանգ չի եղել, իրենք էլ ոչինչ չեն նկատել:

 

 

Ապա Աշոտ Դավթյանը ենթադրեց, թե միգուցէ Նինա Հովնանյանն իրենց «պյաննի լեսն է» նկատի ունեցել՝ Դիլիջանի քաղաքապետարանի մատույցներում:

 


««Հարբած անտառի» մի կտոր, ըտեղ ա մի քիչ կարիչնիվավուն: Էդ, միշտ էլ էդ գույնն է եղել ըտեղ: Մնացածը շատ կանաչ է»:
Պարկի տնօրենը նաև առաջարկեց գալ և տեղում ուսումնասիրել, իսկ հարկ եղած դեպքում՝ համատեղ պարզել պատճառը, եթե այն կա:

 


Աշոտ Դավթյանն ավելի ուշ զանգահարեց Tert.am-ի խմբագրություն և տեղեկացրեց, թե՝ բացի իր ասած հատվածից, այլ դեղնած սոճիներ չունեն:

 


Նշենք, որ անտառների դեղնելը վարակիչ հիվանդության առկայության նշան է, և Աշոտ Դավթյանը չթաքցրեց, որ մի քանի տարի առաջ «դեղնելու հիվանդություն» այո՝ եղել է: