Հայկական հրթիռները հեշտորեն կարող են հասնել Բաքվի նավթավերամշակման գործարաններ. EurActiv
EurActiv-ում՝ Եվրամիության տեղեկատվական կայքում, «Եվրոպայի վտանգավոր հանդուրժողականությունը Կովկասում տիրող լարվածության հանդեպ» վերտառությամբ անդրադարձ է ներկայացրել Եվրոխորհրդարանի բրիտանացի պատգամավոր Չարլզ Թենոքը: Նա նկատում է, որ հայ-ադրբեջանական վերջին զարգացումները «արտաքին քաղաքականութամբ զբաղվող մասնագետների շրջանակներից դուրս գրեթե աննկատ են անցնում»:
«Վերջին 2 ամիսներին մեկ տասնյակ ծանր միջադեպեր են եղել Հայաստանի և Ադրբեջանի միջև... Այս անգամ 10-ից ավելի զինվոր է սպանվել, և արտաքին քաղաքականության այն մասնագետները, որոնք դեռ պնդում են, թե «սառեցված հակամարտությունները» ննջող գործեր են, որ կարելի է անվտանգ ձևով արհամարհել, պետք է իմանան՝ այս միջադեպերի կեսը Լեռնային Ղարաբաղի տարածքում չի տեղի ունեցել, այլ 2 պետությունների՝ միջազգայնորեն ճանաչված սահմաններին: Երկուսն էլ Եվրոպական հարևանության քաղաքականության և ԵՄ-ի Արևելյան գործընկերության մասն են:
Այս վերջին լարվածությունից գալիս է այն նույն հոտը, ինչ վրաց-ռուսական պատերազմից առաջ գրանցված լարվածությունից՝ 2008-ին», - ասված է անդրադարձում՝ նկատառումով, որ «տարիներ շարունակվող ավելի փոքր բազմաթիվ միջադեպերից հետո միջազգային հանրությունը վարժվում է որոշակի անկայունությանը», - գրում է Թենոքը:
Հոդվածագիրը նաև կանխատեսումներ է անում. «Չնայած Եվրոպայի՝ «երկու կողմերին ուղղված զսպվածության կոչերին», հանկարծակի կարող են իրական պատերազմական գործողություններ ծավալվել»:
Հոդվածագիրը նկատում է, որ պատերազմը հարկավոր է միայն Ադրբեջանին. «Անմիջապես իրական պատերազմի հանգեցնող ռիսկով զորքերի մոբիլիզացիայի շահ միայն Ադրբեջանն ունի: Միայն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ու իր կառավարությունն են բացեիբաց ու շարունակաբար պատերազմ սպառնում իրենց հարևանին, մինչդեռ Հայաստանը չունի և տրամաբանորեն նման շահ չի էլ ունենա»:
Հոդվածագիրն ընդգծում է, որ Ադրբեջանին պատերազմը ձեռնտու չի լինի նաև այն առումով, որ այդ երկիրը կվտանգի իր նավթամուղերն ու նավթարդյունահանման տեխնիկան, իսկ «հայկական հրթիռները հեշտորեն կարող են հասնել Բաքվի մերձակայքում Կասպից ծովի ափերին գտնվող նավթավերամշակման գործարաններ»:
Հեղինակի կարծիքով հնարավոր չէ հստակ կանխատեսումներ անել, թե ինչ ելք կունենա հնարավոր նոր պատերազմը. ակնհայտ է, սակայն, որ այդ պատերազմը միայն Արցախին չի վերաբերի, իսկ «մարդկային ողբերգության և տնտեսական արժեքի կտրվածքով կգերազանցի ցանկացած բան, որ Եվրոպան տեսել է առնվազն վերջին 20 տարվա ընթացքում՝ Բալկանյան պատերազմներից ի վեր»:
Հոդվածագիրը նաև իր տարակուսանքն է հայտնում առ այն, որ Ադրբեջանի դեմ ոչ մի պատժամիջոց չի ձեռնարկվում. «Չնայած «Եվրատեսիլից» հետո Եվրոպայի մեծ մասը այժմ քաջատեղյակ է Բաքվի իշխանությունների ապաժողովրդավար բնույթին, ոչ մի ԵՄ պատժամիջոց, ինչպիսիք ներկայացվեցին Բելառուսին, չի սպառնում կամ նույնիսկ չի քննարկվում»:
Հեղինակը կոչ է անում, որպեսզի «Բաքվի հետ հաջորդ նավթային համաձայնագիրը ստորագրելուց առաջ ԵՄ-ն այս ամենը նկատի ունենա»:









