Գլխապտույտ հաջողություններից ոգևորված՝ Թուրքիան որոշել է ինքնուրույն խաղալ. Գագիկ Հարությունյան

16:42 • 20.06.12

«Նորավանք» հիմնադրամի տնօրեն, քաղաքագետ Գագիկ Հարությունյանը նկատում է, որ Թուրքիան այսօր նպաստավոր վիճակում է հայտնվել, քանի որ միջազգային հանրությունը նրա դիրքորոշումներն արժևորում է:
«Գլխապտույտ իր հաջողություններով, նա որոշել է դառնալ տարածաշրջանի առաջատարը, ինքնուրույն խաղալ և, ամենակարևորը, Թուրքիան որոշել է դառնալ միջուկային տերություն, և այդ բոլորը նրան թույլ են տալիս»,-նկատում է վերլուծաբանը:



Դրան զուգահեռ, Գագիկ Հարությունյանն ավելացրեց, որ Թուրքիան վարում է չափազանց անկեղծ քաղաքականություն: «Թուրքիան այսօր ավելի անկեղծ քաղաքականություն է վարում, քան երբևէ»:

 

Բանախոսը խոսեց հարևան պետության հակահայկական քաղաքականության, նաև Ադրբեջանի նկատմամբ որդեգրած մեծ եղբոր կարգավիճակի մասին: Այս համատեքստում, քաղաքագետը եզրակացրեց՝ հայ-թուրքական բանակցությունները տեսանելի ապագայում հաջողություն չեն ունենա:

 


Գագիկ Հարությունյանի խոսքով՝ Թուրքիան նախկինի պես պատրաստակամ չէ Միացյալ Նահանգների հանդեպ:
Բանախոսի դիտարկմամբ՝ ռուսական կողմը երկակի մոտեցումներ է դրսևորում Թուրքիայի հարցում: «Բայց այնպիսի տպավորություն է, թե Ռուսաստանում այսօր արդեն ավելի լավ են հասկանում թուրքական վտանգը, քան նախկինում»,- նշում է նա և հիշեցնում, որ պատմության մեջ տեղի է ունեցել ռուս-թուրքական 13 պատերազմ, ուստի, ըստ նրա, ռուսները պետք է հաշվի առնեն նաև տարածաշրջանային աշխարահաքաղաքականությունը: