Հույները համաձայնության են եկել կառավարություն ձևավորելու հարցում

16:44 • 20.06.12

Հունաստանի «Նոր ժողովրդավարություն» աջակենտրոն կուսակցությունը, ձախակենտրոն Համահունական սոցիալիստական շարժումն (ՊԱՍՕԿ) ու «Ժողովրդավարական ձախ ուժեր»-ն այսօր համաձայնության են եկել կառավարություն ձևավորելու հարցի շուրջ, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` վկայակոչելով ՊԱՍՕԿ-ի առաջնորդ Եվանգելոս Վենիզելոսին:

 

Կառավարության կազմը կհրապարակվի այսօր երեկոյան: Կաբինետը ձևավորելու մանդատը հունիսի 18-ին տրվել էր «Նոր ժողովրդավարության» առաջնորդ Անտոնիս Սամարասին: Հենց այս կուսակցությունն է հաղթել հունիսի 17-ին կայացած լրացուցիչ խորհրդարանական ընտրություններում` ստանալով ընտրողների 29.66% ձայներն ու 129 տեղ խորհրդարանում: ՊԱՍՕԿ-ը 12.28%-ով ստացել էր 33 տեղ, իսկ «Ժողովրդավարական ձախ ուժեր»-ը 6.26 %-ով` 17 տեղ: Այս կերպ 3 կուսակցությունները միասին զբաղեցրել են 300 հոգանոց խորհրդարանի 179 տեղերը:

 

«Նոր ժողովրդավարություն»-ն ու նրա դաշնակիցները կողմ են Եվրոմիության խիստ տնտեսական միջոցառումներին, որոնց կատարման դեպքում երկիրը «եռյակից»` Եվրոմիությունից, Եվրոպական կենտրոնական բանկից ու Արժույթի միջազգային հիմնադրամից, կստանա վարկի հերթական չափաբաժինը, ի տարբերություն ձախ ծայրահեղական «Սիրիզա» կուսակցության:

 

Հիշեցնենք, որ խորհրդարանական ընտրություններն անցկացվել էին մայիսի 6-ին, սակայն այդ ժամանակ հաղթած կուսակցություններին չէր հաջողվել կառավարություն ձևավորել, ինչի կապակցությամբ երկրում նշանակվել էին լրացուցիչ ընտրություններ` հունիսի 17-ին: