Երկու առարկայի գծով «կանխատեսելի քննություններ» բանաձևը կայացել է. ԳԹԿ մամուլի քարտուղար
Հունիսի 22-ին ավարտվող միասնական քննությունների առաջին փուլում տարբեր առարկաների գծով միջին գնահատականները Գնահատման թեստավորման կենտրոնի համար կանխատեսելի են: Այս փաստի մասին Tert. am-ի հետ զրույցում նշեց ԳԹԿ մամուլի քարտուղար Գայանե Մանուկյանը:
Նշենք, որ այս տարի «Հայոց լեզու և գրականություն» և «Մաթեմատիկա» առարկաներից գրանցվել են վերջին չորս տարիների ամենաբարձր արդյունքները: Համապատասխանաբար. 13.9 և 11.6: Իսկ արդեն օտար լեզուների շարքին դասվող ռուսերենում, հակառակը, ամենացածր՝ 10.3 միջին արդյունքը:
«Երեխաներին ծանոթ էին «Հայոց լեզու և գրականություն» առարկայի առաջադրանքները, քանի որ, ինչպես գիտեք, դեռևս դեկտեմբերից հրապարակ մտան շտեմարանները, որոնցում առկա 5000 առաջադրանքներից ընտրվում էին 80-ը ամեն կոնկրետ դիմորդի համար համար:
Այսպիսով, ԳԹԿ վերլուծական բաժնի աշխատակիցները գոհ են, որ իրենց՝ «կանխատեսելի քննություններ» բանաձևը որպես այդպիսին կայացել է: Ինչի հետևանքով էլ, ըստ Գայանե Մանուկյանի՝ «բողոքարկումը որպես այդպիսին չկայացավ»:
Նույնը վերաբերում է «Մաթեմատիկա» առարկային, որի միջին գնահատականն այս տարի նույնպես նախորդ չորս տարիների համեմատ ամենաբարձրն է:
Ինչ վերաբերում է ռուսաց լեզվի քննության հակառակ միտումներին, ապա, Գայանե Մանուկյանը սրա համար երկու բացատրություն ունի: Նախ, ռուսերենն այս տարի դասվել էր «օտար լեզուներ» առարկայի շարքին, ինչի պատճառով շուրջ 200 դիմորդ ավելացել էր, որոնցից շատերը քննասենյակ էին եկել պարզապես փորձելու իրենց ուժերը:
Գայանե Մանուկյանը չթաքցրեց, որ երկրորդ պատճառը միգուցե այն է, որ ռուսերենը վերջին տարիներին մեր երկրում անկում է ապրում՝ թեպետ դեռ համարվում է ավելի «մոտիկ» օտար լեզու:
Նշենք, որ վաղը «Հայոց պատմություն» և «Քիմիա» առարկաներով կեզրափակվի միասնական քննությունների առաջին փուլը, իսկ են հուլիսի 2-ից 8-ը կսկսվի միասնական քննությունների երկրորդ լրացուցիչ փուլը, որին կարող են մասնակցել բանակից զորացրվածները, նախորդ քննություններից հարգելի բացակայացները, սփյուռքի մեր հայրենակիցները, օտարերկրյա պետություններում գտնվող ՀՀ քաղաքացիները, որոնք ավարտել են օտարերկրյա պետությունների ուսումնական հաստատություններ:
Մինչ այս՝ հունիսի 25-ից հուլիսի 1 ընկած ժամանակահատվածում նրանք պետք է հայտագրվեն ԳԹԿ-ում:









