Չի կարելի Ռուբեն Հայրապետյանի անունը կապել «Հարսնաքար»-ի դեպքի հետ. Գալուստ Սահակյան

10:39 • 20.06.12

ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն այն կարծիքին է, որ չպետք է քաղաքականացնել և շահարկել «Հարսնաքար» ռեստորանում հունիսի 17-ին կատարված միջադեպը, ինչը կապվում է ռեստորանի սեփականատեր, ԱԺ պատգամավոր, ՀՀԿ անդամ Ռուբեն Հայրապետյանի թիկնազորի հետ:


«Չի կարելի Ռուբեն Հայրապետյանին կապել «Հարսնաքար»-ի հետ, որ, իբր թե, նրա «ախրանան» ինչ-որ բան է արել: Իհարկե, եղելությունն այն է, որ միջադեպ է եղել, շատ կոշտ: Բախումը եղել է բժիշկների և «Հարսնաքար»-ի անվտանգության աշխատակիցների միջև»,-Tert.am-ի հետ զրույցում ասաց Գալուստ Սահակյանը:
Նշենք, որ իրավապաշտպան Արթուր Սաքունցը, նախօրեին անդրադառնալով այս թեմային, հայտնել էր, թե այս դեպքի կապակցությամբ պետք է հայտարարությամբ հանդես գա ոչ միայն իշխող կուսակցությունը, այլ նաև ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը:


Գալուստ Սահակյանը նաև հավելեց, թե որևէ մեկը չի կարող անձնական պատասխանատվություն կրել իր աշխատողների «զանցանքի համար»:


Հիշեցնենք, որ երեկ Ռուբեն Հայրապետյանը ևս անդրադառնալով միջադեպին նշել էր, թե որոշ լրատվական կայքերում և սոցիալական ցանցերում հանդես եկող առանձին անհատներ իրենց գնահատականներում, իրավապահ մարմիններից առաջ անցնելով արդեն «բացահայտել են» հանցագործությունը` այն վերագրելով իրեն և ներկայացնելով որպես իր ցուցումով արված գործ:


Հայրապետյանը հավելել էր.«Ամեն ինչ անելու եմ, որպեսզի բոլոր գործողությունները լինեն թույլատրելիության սահմաններում բաց և թափանցիկ: …Իմ անմիջական աշխատանքային գործունեությունը սահմանափակվում է ՀՀ Ազգային ժողովում և Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում, իսկ ժամանակին իմ կողմից հիմնադրված և այսօր իմ ընտանիքին պատկանող բիզնես կառույցների կառավարումը, որտեղ աշխատում են հարյուրավոր մարդիկ, իմ անմիջական պարտականությունը չէ և անթույլատրելի է այդ կառույցներում կատարվող ցանկացած բան վերագրել ինձ: Կան իրենց պարտականությունները կատարող մարդիկ, ովքեր, եթե ունեն մեղսակցություն, որը կբացահայտվի իրավապահ մարմինների կողմից՝ պատասխան կտան»: