Ի՞նչ կանեիք այն վարչապետին, ով հայտարարեր՝ հեղափոխություն անողները պետք է հեռանան. Արամ Մանուկյանը` Տիգրան Սարգսյանին
ՀՀ ԱԺ ընդդիմադիր «Հայ ազգային կոնգրես» խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը ՀՀ կառավարության գործունեության ծրագրի քննարկման ժամանակ հարց ուղղեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին. «Պարոն վարչապետ, եթե լինեիք երկրի ղեկավար՝ ի՞նչ կանեիք այն վարչապետին, ով հայտարարեր, թե այն կրիտիկական հատվածը, որը կարող է հեղափոխություն անել՝ պետք է հեռանա երկրից» (Արամ Մանուկյանը հարց ուղղեց՝ մեջբերելով նախկինում Տիգրան Սարգսյանի կողմից ասված խոսքերը- Tert.am):
Պատասխանելով հարցին, Տիգրան Սարգսյանը նշեց, որ իրենք դավադրություններ չեն կազմակերպում, որ բնակիչները լքեն երկիրը. «Ինչ վերաբերվում է նախագահ-վարչապետ, վարչապետ-Ազգային ժողով հարաբերություններին, պետք է ասեմ, որ մենք միասնական թիմ ենք: Բոլորը գիտեն ձեր տեսակետները, և մենք էլ գիտենք ձեր տեսակետները, որոնց հետ համաձայն չենք: Մենք դավադրություններ չենք կազմակերպում, որ մեր ազգաբնակչությունը լքի Հայաստանը»,- ասաց Տիգրան Սարգսյանը:
Արամ Մանուկյանի հարցին, որը վերաբերվում էր արտագաթի տեմպերի աճին, Տիգրան Սարգսյանը պատասխանեց, թե արտագաղթն ամենաշատը եղել է 90-ական թվականներին:
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ, ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը ևս հարց ուղղեց վարչապետին. «Եթե 2009 թվականին ՀՀ կառավարության կողմից չվարվեր հմուտ ու ճիշտ քաղաքականություն, ՀՀ տնտեսության անկումը, մոտավորապես, ինչքա՞ն կլիներ՝ 20, 25, 30 տոկո՞ս»։
Հարցին ի պատասխան, Տիգրան Սարգսյանն ասաց, որ 14% անկումից, բնականաբար, կարելի էր խուսափել, եթե շինարարության տեսակարար կշիռը ՀՆԱ–ի մեջ այդքան մեծ չլիներ։ Վերջինս ընդգծեց, որ մինչ ճգնաժամային փուլը տնտեսության շարժիչ ուժը եղել է շինարարությունը, իսկ տնտեսության դիվերսիֆիկացիայի մակարդակը ցածր է եղել։
«Երբևէ մենք այս խնդրի մեղքն ուրիշի վրա չենք բարդել, որովհետև մենք ապահովել ենք քաղաքական իշխանության շարունակականությունը ու մենք ենք պատասխանատու այդ իրավիճակի համար։ Եթե դուք ասում եք նախորդների, ապա նախորդների մեջ մենք ի նկատի ունեինք մեզ։ Կարծում եմ, քաղաքական այս շեշտադրումը կարևոր է։ Մենք որևէ մեկին չենք մեղադրում, ուղղակի ասում ենք, թե ի՞նչ խնդիրներ կան, որոնց համար մենք պատասխանատու ենք»,– ասաց Տիգրան Սարգսյանը։
Հիշեցնենք, որ այսօր ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նիստում քննարկվում է Կառավարության 2012-2017թթ. գործուներության ծրագիրը, որն անցնում է լարված մթնոլորտում: ՀՀ վարչապետին հարցեր են ուղղում թե՛ ԱԺ ընդդիմադիր, թե՛ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչները:









