ՀՀ փոխվարչապետն ընդունել է Համաշխարհային բանկի պատվիրակությանը

18:49 • 20.06.12

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանն այսօր ընդունել է Համաշխարհային բանկի (ՀԲ) պատվիրակությանը: ՀԲ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի Հարավային Կովկասի դեպարտամենտի տարածաշրջանային տնօրեն Ասադ Ալամն ավարտում է առաքելությունը և այդ պաշտոնում նրան փոխարինելու է Հենրի Քերալին: Այս մասին տեղեկանում ենք տարածքային կառավարման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի մամուլի հաղորդագրությունից:

 

Փոխվարչապետը շնորհակալություն է հայտնել Ասադ Ալամին` սերտ և արդյունավետ համագործակցության համար` մաղթելով հաջողություններ հետագա գործունեության մեջ: Նորանշանակ տնօրենին նա շնորհավորել է պաշտոնը ստանձնելու կապակցությամբ` վստահություն հայտնելով, որ փոխշահավետ աշխատանքը կշարունակվի:


Փոխվարչապետը նկատել է, որ վերջին տարիներին ՀԲ-ի աջակցությամբ իրականացված բոլոր ծրագրերն եղել են արդյունավետ և օգտակար: Նա հատկապես կարևորել է, որ դրանք հիմնականում ուղղված են եղել մարզերում, համայնքներում ենթակառուցվածքների զարգացմանը և ընդգրկել են կենսական նշանակության ոլորտներ` ոռոգման, խմելու ջրի համակարգերի վերականգնում, առողջապահական և սոցիալական այլ ենթակառուցվածքների արդիականացում, ճանապարհների վերակառուցում, արոտավայրերի բարելավում և այլն: Նա նաև մարզպետների, համայնքի ղեկավարների անունից շնորհակալություն է հայտնել արդյունավետ ծրագրերի իրականացման համար:


Ասադ Ալամն ևս գոհունակություն է հայտնել համատեղ աշխատանքի համար` նկատելով, որ Հայաստանում իրականացված ծրագրերը մշտապես դրական գնահատականի են արժանացել և որպես օրինակ են ներկայացվել: Նա նշել է, որ Հայաստանից հեռանալու է լավագույն տպավորություններով, իսկ երկրին առաջընթաց և զարգացում է մաղթել:



Հենրի Քերալին իր հերթին վստահեցրել է, որ գործակցության բարձր մակարդակը կպահպանվի և Հայաստանի նոր կառավարության հետ արդյունավետ համագործակցությունն ու զարգացմանն ուղղված ծրագրերը կշարունակվեն: