Սիրիական Հոմսում բանակի ու ընդդիմության բախումներին զոհ է գնացել 63 մարդ
Սիրիական Հոմս քաղաքում կառավարական զորքի ու ընդդիմության միջև բախումների զոհ է դարձել 63 մարդ, հայտնում է «Ալ Ջազիրա» հեռուստաալիքը: Բախումներ են տեղի ունեցել նաև Համա, Իդլիբ, Հալեպ քաղաքներում:
ՄԱԿ-ի տվյալներով` Սիրիայում մեկ տարուց ավելի շարունակվող բախումներին զոհ է գնացել մոտ 12.000 մարդ, 230.000-ը դարձել է փախստական, մոտ 1 մլն մարդ էլ հումանիտար օգնության կարիք ունի:
Եվրոպական մի շարք երկրներ և Միացյալ Նահանգները հայտարարել են երկրում ռազմական գործողություններ սկսելու անհրաժեշտության մասին, ինչին դեմ են Ռուսաստանը, Չինաստանն ու Իրանը: Ի դեպ, ինչպես այսօր առավոտյան հաղորդել է Tert.am-ը, Ռուսաստանի Դաշնության Սևծովյան նավատորմի «Նիկոլայ Ֆիլչենկով» և «Ցեզար Կունիկով» մեծ դեսանտային նավերին անսպասելի հրաման է տրվել «պատրաստվել Սիրիայի ափերին պետական շահերի պաշտպանությանը»:









