Կիևյան կամուրջի տակ հայտնաբերվել է 23-ամյա երիտասարդի դին, ում հայրը Նորքի կլինիկայում բաժնի վարիչ է (լուսանկարներ)
Այսօր` հունիսի 20-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ինչպես Tert.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը` ժամը 13:30-ին Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կիևյան կամուրջի տակ երիտասարդ տղայի դի կա և այն դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են ժամանել ճգնաժամային կառավարման կենտրոնի աշխատակիցները, ինչպես նաև Ոստիկանության Մաշտոցի, Արաբկիրի և Մալաթիա-Սեբաստիայի բաժինների օպերատիվ քննչական խմբերը: Հրավիրվել է դատական բժիշկը:
Գագիկ Շամշյանը հայտնում է, որ իր տեղեկություններով` մահացածը Արաբկիր վարչական շրջանի ` 23-ամյա Ն. Հակոբյանն էր, ում Ոստիկանության Արաբկիրի բաժինը երեկվանից որպես անհայտ կորած որոնում էր:
Արաբկիրի բաժնում նրա կորստյան փաստով դիմել էր հայրը` Արմեն Հակոբյանը, որն ըստ ֆոտոլրագրողի տեղեկությունների, որպես բաժնի վարիչ աշխատում է ՀՀ առողջապահության նախարարության «Նորք» հոգեբուժական կլինիկայում:
Արդեն ճշտվել է, որ փաստի առթիվ զբաղվելու է Ոստիկանության Մալաթիա-Սեբաստիա բաժնի քննչական բաժինը:
Թե որն է եղել մահվան պատճառը, կատարվածն ինքասպանություն է թե հանկարծամահ, դա կպարզվի քննության ընթացքում:









