Հնդկաստանում «Ծիծաղ Յոգա» ակումբը հարևանների մոտ հոգեկան խանգարումներ է առաջացնում

13:50 • 20.06.12

Հնդկաստանի Մումբաի քաղաքի շրջաներից մեկի բնակիչները դիմել են դատարան, բողոքելով, որ մոտակա «Ծիծաղ Յոգա» ակումբից լսվող ձայներն արդեն խելագարության են հասցրել իրենց, տեղեկացնում է բրիտանական «Թելեգրաֆ»-ը:

 

«Երբ դու ժպտում ես, ողջ աշխարհը ժպտում է քեզ, բայց երբ բարձր ծիծաղում ես, հարևաններդ կարող են հոգեկան խանգարումներ ստանալ»,- բողոքել են ակումբի հարևանությամբ ապրող բնակիչները:

 

Բողոքողներից մեկը 78-ամյա Վինայակ Շիրսատն է, ով իր հայցում նշել է, որ յուրաքանչյուր առավոտ ժամը 6-ին ահասարսուռ ծիծաղ ու երգեր է լսում, որոնց հաջորդում են ծափահարությունները: Մեկ այլ բնակիչ բողոքել է, նշելով. «այո լավ բան է ծիծաղը, բայց ամեն առավոտ, երբ քո լուսամուտի տակ 30 մարդ հիստերիկի պես ծիծաղում են, պարզապես անտանելի է»:

 

Դատավորները առաջարկել են իրավապահ մարմիններին ակումբի և բնակիչների միջև համաձայնության եզրեր գտնել: Դատարանը որոշում է կայացրել անօրինական համարել ցանկացած բարձր ծիծաղ, քանի որ այն կարող է խիստ բացասական ազդեցություն ունենալ շարջակայքում բնակվող մարդկանց առողջության վրա:

 

Հավելենք, որ նմանատիպ ակումբներ գարծում են աշխարհի ավելի քան 60 երկրներում: Ծիծաղի միջոցով հոգեկան և ֆիզիկական ներդաշնակության հասնելու ուսմունքի հիմնադիրը Մադան Կարտարիան է, ով 1990-ականներին մեծ հեղինակություն էր վայելում ողջ աշխարհում: