Օպերային երգիչ Տիգրան Լևոնյանի անձնական արխիվը հանձնվեց Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանին
Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանը, որը հարուստ է գրականության, թատերարվեստի, երաժշտության և մշակույթի տարբեր ոլորտները ներկայացնող հայ երևելիների անձնական արխիվներով, այսօր համալրվեց ևս մեկով. այսօր կայացավ ՀՀ ժողովրդական արտիստ, օպերային երգիչ, բեմադրիչ Տիգրան Լևոնյանի անձնական արխիվի հանձնման արարողությունը:
Թանգարանի տնօրեն Կարո Վարդանյանը նշեց, որ արխիվը պարունակում է ձեռագրեր, հոդվածներ, երգչի մասին տպագրված ուսումնասիրություններ, ձայնագրություններ, տեսագրություններ, լուսանկարներ, որոնց թիվն անցնում է 8000-ը: «Մի խոսքով այն ամենն ինչ առնչվում է Տիգրան Լևոնյանի հետ՝ ներգրավված է արխիվում»:
Ավելին, ըստ թանգարանի տնօրենի, այս ամբողջ արխիվը, ոչ միայն թղթերի վրա է հանձնվում թանգարանին, այլ նաև թվայնացված տարբերակով, որը կատարել էր Խաչիկ Շարոյանը:
«Տիգրան Լևոնյանն այն մեծերից է, ում թղթերի հետ աշխատելն ինձ համար մեծ պատիվ է»,- նշեց Խաչիկ Շարոյանը և ավելացրեց, որ կարևորը ոչ միայն թվայնացումն է, այլ նյութի որոնման համար առաջարկվող հեշտ ու պարզ մեխանիզմը:
Խաչիկ Շարոյանը նշեց, որ եթե մի գիտաշխատող գալիս է թանգարան և ցանկանում Տիգրան Լևոնյանի մասին նյութ գրել, դա անում է առանց արխիվը երկար-բարակ փորփրելու: Ըստ նրա, արխիվն ամբողջությամբ թվայնացված է և հեշտությամբ գտնում են, թե ո՞ր տարվա, ո՞ր ամսվա, ո՞ր օրվա, ո՞ր նյութը՝ որտեղ որոնել:
Տիգրան Լևոնյանի մասին խոսեցին նաև գրականագետ Նորայր Ադալյանը, Թատերական գործիչների միության նախագահ Երվանդ Ղազանչյանը, գրականագետ Լևոն Մութաֆյանը, Դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Խանդիկյանը:
Նրանք բոլորն էլ ընդգծեցին կյանքի վերջին տարիներին արվեստագետին բաժին հասած ծանր տարիները և նրա բացառիկ տաղանդը:
Երվանդ Ղազանչյանը նկատեց, թե Տիգրան Լևոնյանի մասին խոսելիս իրարամերժ զգացում է ունենում. «Առաջինը հպարտության զգացումն է, երկրորդը՝ մեր բոլորի անխիղճ վերաբերմունքն այդ մարդու նկատմամբ»,-ասաց նա՝ հիշեցնելով, թե նրան նստեցրել էին տանը, զրկել թատրոնից, ինչից, ըստ Ղազանչյանի, տուժեց ոչ այնքան երգիչը, որքան մշակույթը:










