«Լիբանանի հայ համայնքի օրերը Հայաստանում» ՝ ծրագիրը կմեկնարկի վաղը

14:26 • 20.06.12

Վաղը, հունիսի 21-ին, ժամը 17.00-ին կմեկնարկի «Լիբանանի հայ համայնքի օրերը Հայաստանում» ծրագիրը, որը նախաձեռնել և իրականացնում է ՀՀ սփյուռքի նախարարությունը:


Ծրագիրը կմեկնարկի Երևանի պատմության թանգարանի ցուցասրահում կազմակերպվելիք լիբանանահայ քանդակագործ Զավեն Խտըշյանի քանդակների անհատական ցուցահանդեսի բացումով:
Այս մասին տեղեկացնում է ՀՀ սփյուռքի նախարարության լրատվական ծառայությունը:

 

Տեղեկացնենք որ 2011թվականին ևս կազմակերպվել են նման ծրագրեր, որոնք նվիրված են եղել պոլսահայ և իրանահայ համայնքներին:

«Լիբանանի հայ համայնքի օրերը Հայաստանում» ծրագրի շրջանակներում աշնանը Հայաստանում կնշվի Լիբանանում տպագրվող հայալեզու «Ազդակ» օրաթերթի 85 ամյակը, միաժամանակ, հայրենիքում կհյուրընկալվեն Լիբանանի հայ համայնքը ներկայացնող երգ ու պարի տարբեր համույթներ:



Տեղեկացնենք, որ լիբանանահայ Զավեն Խտըշյանը ծնվել է 1932թ. Բեյրութում: 1949-1952թթ. ուսանել է Բեյրութի Գեղարվեստների ակադեմիայում: 1958թ. ավարտել է Փարիզի Ազգային բարձրագույն արվեստների դպրոցը:
Նրա հեղինակած գործերից են Հայոց ցեղասպանության առաջին հուշակոթողը Լիբանանում, Լիբանանի մեծագույն մտավորական Ժըպրան Խալիլ Ժըպրանի կիսանդրին, Գարեգին Նժդեհի կիսանդրին, Լիսաբոնի 5 նահատակների հուշարձանը Բեյրութում:


Զավեն Խտըշյանը ճարտարագիտության դասավանդման նոր ծրագրի հեղինակն է:
1976թ. Ֆրանսիայի հանրահայտ «Larousse» հրատարակչությունը լույս է ընծայել «L’art et le monde moderne»` «Արվեստը և արդի աշխարհը» հանրագիտարանը, ուր աշխարհի մեծագույն արվեստագետների կողքին հիշատակված է նաև Զավեն Խտըշյանի անունը:


2012թ. Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Ա-ի հայրապետական կոնդակով Զավեն Խտըշյանը պարգևատրվել է Սուրբ Մեսրոպ Մաշտոց շքանշանով: