Ճանաչել ԼՂՀ կազմավորման գործընթացի օրինականությունը. ԱԺ-ից պահանջում է Դեմկուսը
Ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կազմավորման գործընթացի օրինականության համապատասխանությունը միջազգային իրավունքի նորմերին ու սկզբունքներին՝ Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը պահանջում է ՀՀ Ազգային ժողովից ընդունել նման որոշում:
Այս մասին այսօր ասաց Դեմկուսի առաջնորդ Արամ Սարգսյանը՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ, վերջինս տեղեկացրեց, որ կուսակությունն այս հարցի շուրջ նախագիծ է մշակել, որն առաջիկայում կներկայացնի ԱԺ բոլոր խմբակցություններին:
«Սա չի նշանակում, որ մենք ճանաչում ենք ԼՂՀ-ի անկախությունը, որովհետև մենք ունենք 1989թ-ի դեկտեմբերի 1-ի որոշումը՝ ԼՂՀ-ի և ՀՀ-ի վերամիավորման մասին: Մենք ուզում ենք շեշտել Հանրապետության ձևավորման օրինականությունը: Սրանով մենք՝ ադրբեջանական հարյուրավոր քայլերի դիմաց, մի քայլ ենք անելու և փորձելու ենք մեր շահերը պաշտպանել»,-ասաց բանախոսը:
Արամ Սարգսյանը միաժամանակ նշեց, որ Դեմկուսը դեմ է, որ Հայաստանը ճանաչի ԼՂՀ-ի անկախությունը: Բայց որպեսզի ԼՂՀ ժողովրդի ինքնորոշման իրավունքը իրականացվի, պետք է միջազգային դիտորդների ներկայությամբ հանրաքվե անցկացնի և որոշի.«Միանում է Հայաստանի՞ն, պահպանում է իր կարգավիճակը՞, թե՞ մի երրորդ բան է ընդունում»:
Դեմկուսի առաջնորդը նկատեց, որ ԼՂՀ ինքնորոշման իրավունքը կարելի է իրականացնել միայն այն դեպքում, երբ կճանաչվի Հանրապետության կազմավորման գործընթացի օրինականությունը.«Սա մեզ հնարավորություն կտա ԼՂՀ-ն օբյեկտից դարձնել սուբյեկտ: Առ այսօր որևէ պետություն, այդ թվում նաև ՀՀ-ն, չի ճանաչել այն, որ Արցախի Հանրապետությունը ձևավորվել է օրինական ճանապարհով: Նա բոլոր միջազգային նորմերին համապատասխան ՝ իրավական ակտեր է ընդունել: Ադրբեջանն ասում է՝ ինքնորոշման իրավունք եք ուզում իրականացնե՞լ, եկեք իմ տարածքում իրականացրեք՝ ամենաբարձր մակարդակով: Այս հայտարարության պատճառն այն է, որ ոչ ոք չի ասում, որ ԼՂՀ-ն Ադրբեջանի կազմից դուրս է եկել օրինական ճանապարհով»,-ասաց նա:
Դեմկուսի առաջնորդն այն համոզմունքը հայտնեց, որ ԼՂՀ հարցի կարգավորման գործընթացում Հայաստանն այս պահին պասսիվ կարգավիճակ է որդեգրել և որևէ կերպ չի կարողանում նախաձեռնող լինել ու իր շահերը պաշտպանել:
«ԼՂՀ կարգավորման հարցում որևէ կերպ անդրադարձ չի լինում Ադրբեջանից հայ փախստականների խնդիրներին, իսկ նրանք առնվազն 500 հազ. մարդ են: Հայաստանն այս պահին՝ Շահումյանի, Գետաշենի հարցերը, նաև մի շարք խնդիրներ մինչօրս բանակցային գործընթացում չի ներկայացնում: Հիմնական պատճառն այն է, որ Հայաստանը մինչ օրս կրավորական դիրքորոշում ունի ԼՂՀ-ի վերաբերյալ»,-ասաց Արամ Սարգսյանը:
Նշենք, որ Դեմկուսն իր մշակած ծրագիրը նախատեսում է ներկայացնել հասարակական ու քաղաքական կազմակերպություններին, կազմակերպել հասարակական լսումներ, որպեսզի վերջիններս քննարկեն այն և իրենց դիրքորոշումները հայտնեն:
Արամ Սարգսյանը տեղեկացրեց, որ Դեմկուսի նախագծից տեղյակ են նաև ԼՂՀ-ում և նախանձախնդիր են այդ հարցում:









