Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը հավանության արժանացրեց Մորնինգսթարի թեկնածությունը
Միացյալ Նահանգների Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը հունիսի 19-ին կայացած քննարկումների ժամանակ հավանության արժանացրեց Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում Ռիչարդ Մորնինգսթարի թեկնածությունը: Ինչպես հաղորդում է Ամերիկայի Հայ ազգային կոմիտեն (ANCA), Հարավային Կովկասում իրավիճակի ու տարածաշրջանային առաջնահերթություններին վերաբերող մի շարք հարցեր ուղղելուց հետո, Մորնինգսթարի թեկնածությանն են աջակցել նաև հայամետ սենատորներ Բարբարա Բոքսերն ու Ռոբերտ Մենենդեսը:
Պատասխանելով Բոքսերի ու Մենենդեսի հարցերին` Մորնինգսթարը հաստատել է ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի` ղարաբաղյան հակամարտության կողմերին ուղղված կոչը` «զսպվածություն դրսևորել, կատարել 1994թ.-ին կողմերի միջև ստորագրված հրադադարի մասին համաձայնագրի պարտավորությունները, ինչպես նաև ձեռնարկել խաղաղությանն ուղղված անհրաժեշտ քայլեր»: Նա վստահեցրել է, որ դեսպանի պաշտոնում նշանակման դեպքում համատեղ ջանքեր կներդնի ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ռոբերտ Բրադտկեի հետ` ուղղված խնդրի կարգավորմանը:
Նա ևս մեկ անգամ խոստացել է, որ կանի հնարավորը Ջուղայի հայկական գերեզման այցելելու համար:
Հիշեցնենք, որ հունիսի 13-ին իր թեկնածությանը նվիրված քննարկման ժամանակ, անդրադառնալով Ադրբեջանի կողմից Ջուղայի հայկական գերեզմանատան ավերման վերաբերյալ հարցին` նա ասել էր, որ եթե նշանակվի դեսպանի պաշտոնում, ապա ամեն ինչ կանի այդ վայր այցելելու համար:
«Ցանկացած նման գործողություն անընդունելի է, և ես ամեն ինչ կանեմ այնտեղ այցելելու համար»,- ասել էր դեսպանի թեկնածուն:
Այժմ նրա թեկնածությանը պետք է հավանություն տա ողջ Սենատը:









